2012 թվականին Հայաստանի դատարանների կողմից կայացրած վճիռների ընդամենը 2 տոկոսի դեպքում է ամբողջական կամ մասնակի արդարացում գրանցվել։ Մոտ 4000 ամբաստանյալներից միայն 84-ին են դատարանները մասնակի կամ ամբողջական արդարացում շնորհել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
ՀՀ Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը թերթի թղթակցին ասել է, որ 2 տոկոսը նորմալ ցուցանիշ է։ Որպես օրինակ նա նշել է Ռուսաստանի (0.8 տոկոս) և Վրաստանի (1,2 տոկոս) ցուցանիշները։ Լրագրողի հարցին՝ իսկ ի՞նչ կասեք ԱՄՆ-ի և եվրոպական երկրների մասին, Բաբայանը պատասխանել է, որ այնտեղ ուրիշ սկզբունքով են հաշվարկ կատարում՝ դատախազության կողմից գործը կարճելը նույնպես համարվում է արդարացում. «Եթե, ասենք, ԱՄՆ-ում նման դեպքերը հաշվարկվում են 30 տոկոս, և եթե մեզ մոտ էլ նույն մեթոդով հաշվարկեին, ապա մեր ցուցանիշը կլիներ 40 տոկոս»:
Թերթը, այնուամենայնիվ, նկատում է, որ Բաբայանը բերում է նաև «մասնակի արդարացումների» թիվը, որն ամբողջապես աղճատում է վիճակագրությունը։
«Իրականում, արդարացնող դատավճիռների քանակը ՀՀ-ում չափազանց փոքր է»,–եզրափակում է «ՀԺ»-ն: