Ոստիկանությունն անկարող է եղել բացահայտել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի ավտոմեքենայի վրա հարձակումը: Այս մասին ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը: Անհայտ անձինք կոտրել էին Բարսեղյանի ավտոմեքենայի դուռը և ապակին, կոտրել էին մի քանի սարք և գողացել թվային հիշողության մի քանի հասարակ սարք, ոչ այնքան կարևոր փաստաթղթեր՝ էլեկտրոնային տարբերակներով՝ պատճառելով ավելի քան 500.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ քրեական գործ էր հարուցել:
«Ասպարեզ»-ի հաղորդագրության մեջ ասված է, որ երկու ամիս տևած քննության ընթացքում ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժինը, անցկացնելով դատաապրանքագիտական, մատնադրոշմային և դատահետքաբանական փորձաքննություններ, կատարելով հեռախոսահամարների վերծանումներ, ի վերջո որոշել է կասեցնել քրեական գործով վարույթը` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը հայտնի չլինելու պատճառով:
«Հունիսի 4-ին կայացված որոշումը տուժողին է հասցվել հունիսի 28-ին, ով, համարելով, որ ոստիկանությունն ամբողջությամբ ներդրել է իր սահմանափակ կարողությունները հանցագործության բացահայտման համար, քննության վարույթը կասեցնելու մասին որոշումը չի բողոքարկել դատախազին», – փոխանցել է ակումբը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ ըստ տուժողի, Հայաստանում ԶԼՄ-ների և լրագրողների դեմ իրականացված հանցագործությունները ոստիկանությունը, որպես կանոն, չի բացահայտում, իսկ մի քանի բացառությունները հաստատում են այս օրինաչափությունը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հիշեցնում է, որ վերջին ութ տարում սա ակումբի և աշխատակիցների գույքի նկատմամբ կատարված ութերորդ հարձակումն է, որոնցից մեկի ժամանակ` 2008 թվի մարտի 21-ի գիշերը հրկիզվել է Բարսեղյանի վարած մեքենան, իսկ ավելի վաղ` 2008 թվականի հունվարի 18-ի գիշերը փորձել են հրկիզել ակումբի շենքը, բայց կարողացել են այրել միայն պատուհանը:
Բոլոր այդ միջադեպերով հարուցված քրեական գործերը մնում են չբացահայտված: