Home / Հայաստան / Պատգամավորը հերքում է վրացիներին. նա Ջավախք չէր մեկնել

Պատգամավորը հերքում է վրացիներին. նա Ջավախք չէր մեկնել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը վերջին պահին փոխել է որոշումը և չի մեկնել Ջավախք՝ մասնակցելու աշուղ Ջիվանու հոբելյանին նվիված միջոցառմանը: Այս մասին պատգամավորն ասել է Epress.am-ի հետ զրույցում՝ հերքելով վրացական մամուլում տարածված լուրը, թե իրեն թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը:

Թորոսյանի խոսքով՝ այս ապատեղեկատվությունն իրականում թյուրիմացության արդյունք է, քանի որ ինքը նախապես հայտարարել էր, թե գնալու է Ջավախք, սակայն այլ կարևոր գործերի պատճառով այցը չեղյալ է համարել:

Երեկ Georgia Online կայքը գրել էր, որ վրացական իշխանությունները «անջատողական հայտարարություններով աչքի ընկնող» Թորոսյանին Վրաստան չեն թողել, մինչդեռ նրանց ուղեկցող Վահագն Չախալյանը և Դավիթ Ռստակյանը (ջավախահայ ակտիվիստներ) մասնակցել են Ջիվանուն նվիրված միջոցառմանը:

Հիշեցնենք, որ հունվարին Թորոսյանը հայտարարել էր, որ վրացական նոր իշխանությունները հանել են արգելքը, և 4 տարվա ընդմիջումից հետո նա գնացել է Ջավախք: