ՀՀ Կենտրոնական բանկն արձագանքել է հայաստանցի ծրագրավորողների նամակին, որում վերջիններս ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին առաջարկել էին համագործակցության շուրջ բանակցություններ սկսել Google-ի հետ:
Google AdSense համակարգը ստեղծված է վեբկայքեր հրապարակողներին իրենց կայքերում գովազդ տեղադրելու և այդ գովազդի հղումներով անցնելու համար գումարներ վճարելու նպատակով: Google AdSense համակարգի միջոցով վաստակած գումարները կարող են փոխանցվել կայքը հրապարակող կազմակերպության բանկային հաշվին EFT – Electronic Fund Transfer համակարգի օգնությամբ, նշում է ԿԲ-ն:
«Ցավոք, այդ համակարգն այս պահին 257 երկրներից սպասարկվում է միայն 29-ում: Դրանց թվում են Եվրամիության 28-երկրներից 18-ը, Ավստրալիան, Կանադան, Հոնկոնգը, Իսրայելը, Ճապոնիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Թուրքիան, ԱՄՆ-ն: Աստիճանաբար այդ ցանկում ներառվում են նաև այլ երկրներ, այդ թվում՝ նաև արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրները», – ասված է հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է Paypal համակարգից օգտվելուն, ապա ՀՀ տարածքից գրանցված օգտագործողները կարող են այդ համակարգի միջոցով կատարել փոխանցումներ, սակայն չեն կարող միջոցներ հաշվեգրել իրենց Paypal հաշիվներին և ՀՀ տարածքում գտնվող բանկային հաշիվներին, հայտնում է ԿԲ-ն ու հավելում, որ իրենք բանակցում են և շարունակելու են ուղիներ փնտրել Paypal համակարգի ծառայությունների սահմանափակումները ՀՀ համար հանելու ուղղությամբ:
«Վերոհիշյալ ընկերություններն առևտրային կազմակերպություններ են և իրենց բիզնես-քաղաքականությունն իրականացնում են սեփական ռազմավարությունից և տնտեսական հաշվարկներից ելնելով: Մինչդեռ այդ քաղաքականության վրա կարող են ներազդել նաև պրոֆեսիոնալ համայնքները և խմբերը՝ սեփական բիզնես-պահանջարկն այդ կազմակերպություններին բացահայտ ձևով ցուցադրելով:
Մեր շփումները Paypal ընկերության հետ ցույց են տվել, որ ՀՀ մասնավոր հատվածից այդ ընկերությունը դեռևս բավարար ազդակներ չի ստացել», – ասված է նամակում: