Հայաստանի ԱԳ նախարարությունից, Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից և Ռուսաստանի հայերի միությունից պահանջում են համարժեք գործողություններ ձեռնարկել՝ կապված վարորդ Հրաչյա Հարությունյանի ճակատագրի հետ:
Այս մասին ասված է ԵՊՀ-ի քաղաքագիտության ֆակուլտետի շրջանավարտ Գևորգ Տեր-Հովհաննիսյանի տարածած բաց նամակում, որը վերջինս հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Տեր-Հովհաննիսյանն իր նամակում գրում է, որ այն վերոնշյալ կառույցներին ուղղված է «մի խումբ հայերի» կողմից:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է ավտովթարի մեջ, որը Ռուսաստանի Պոդոլսկի մերձակայքում 18 մարդու կյանք է խլել: Ողբերգության կապակցությամբ Սերժ Սարգսյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին:
«Խորապես հարգելով և ցավակցելով հուլիսի 13-ին ՌԴ «Նոր Մոսկվայի» տարածքում` Օզնոբիշինո գյուղի մերձակայքում, ավտովթարից զոհված և տուժած բոլոր քաղաքացիների ընտաքիներին` մի խումբ հայերի կողմից հայտնում եմ մեր դժգոհությունն ու վրդովմունքը` կապված ՀՀ քաղաքացու դատավարական գործընթացի հետ:
Արդեն մեկ օր է, ինչ համացանցում տեղադրվել է մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ստորացուցիչ կերպով (կանացի խալաթով, հիվանդանոցից վաղաժամ դուրս բերված և արհեստական դեղամիջոցներով սթափեցրած) ամբաստանյալի աթոռին նստեցրել ավտովթարի մեղավոր բեռնատարի հայ, ՀՀ քաղաքացի վարորդին, ով մեկնել էր արտագնա աշխատանքի` մահացած որդու շիրմաքարի տեղադրման գումարը վաստակելու: Տեսանյութում նաև հստակ ցուցադրված է, թե ինչպես են մի խումբ լրագրողներ հարցախեղդ անում հուզմունքից լացող և վատառողջ վիճակում գտնվող քաղաքացուն: Այս ամենն անպայմանորեն ստորացում է, ռասիզմ, հստակ հաղորդագրություն Հայաստանին, դաժանություն, մարդու իրավունքների խատում, հայ-ռուսական «բարեկամական հարաբերություններին» ուղղված սպառնալիք: Հետևապես պահանջում ենք համարժեք քայլ, համապատասխան գործողություններ ՀՀ ԱԳՆ-ից, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից և ՌԴ-ում հայերի միությունից», – նշում է բաց նամակի հեղինակները:
Նշենք նաև, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսօր «Արթնացեք մարդիկ» և «Պահանջում ենք չկիրառել Հրաչյա Հարությունյանի հանդեպ անմարդկային վերաբերմունք» խմբեր են ստեղծվել:
Ֆեյսբուքյան հետևյալ գրառմամբ դեպքին արձագանքել է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը.
«Սա խայտառակություն է, մեղադրյալի մարդկային արժանապատվությունը ոտնահարող և նվաստացնող վերաբերմունք է: Ավելին, եթե դա դրսևորվել է նաև ըստ մեղադրյալի ազգային պատկանելության, ապա նաև տեղի ունի խտրականության դրսևորում: Քանի որ մեղադրյալը ՀՀ քաղաքացի է, ապա ՀՀ իշխանությունը պարտավոր է ներկայացնելով իր քաղաքացիների /եթե իհարկե դեռ մեր իշխանությունների համար կա նման հասկացություն/ շահերը օտարերկրներում, անհապաղ միջամտի և պահանջի Ռուսական իշխանություններից դադարեցնել նման արհամարհական վերաբերմունքը իր քաղաքացու նկատմամբ, պահանջել անցկացնել քննություն նման վերաբերմունքի փատով, պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին…սա ՀՀ ԱԳՆ-ի առաջնային պարտականությունն է.. զարմանում եմ` ինչու են լռում մեր «հայրենասերները»»:
Հրաչյա Հարությունյանի լուսանկարը՝ vmdaily.ru