Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը կապի մեջ է քննչական մարմնի և վարորդ Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ: Հրաչյա Հարությունյանը ապահովված է երկու փորձառու փաստաբաններով, թարգմանիչով: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է թողել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Ավելի վաղ նույն սոցցանցում ՀՀ ԱԳՆ հայտարարել էր, որ Մոսկվայում ՀՀ դեսպանատունը մշտական կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ՝ վերջինիս հնարավոր օժանդակություն ցուցաբերելու համար:
Այսօր լրագրողների հետ զրույցում միջադեպին անդրադարձել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը: Նրա խոսքով՝ պատահարի համար մեղավորը պետք է պատժվի, սակայն որևէ մեկն իրավունք չունի ՀՀ քաղաքացու նկատմամբ անհարգալից վերաբերվել։
Շարմազանովը, միևնույն ժամանակ, նշել է, որ պետք է հարցին սթափ մոտենալ, քանի որ «երկու ծայրահեղությունն էլ վտանգավոր են»:
ԱԺ փոխնախագահը կարծում է, որ մամուլում տեղ գտած հրապարակումները, որոնք վնասում են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, թե Հայաստանի կողմից, թե Ռուսաստանի, անընդունելի են։
Հիշեցնենք, որ վարորդ Հրաչյա Հարությունյանը ձերբակալված է, նրան մեղադրում են հուլիսի 13-ին տեղի ունեցած ավոտվթարի մեջ, որը 18 մարդու կյանք է խլել: Երեկ Հարությունյանին կնոջ խալաթով հիվանդանոցից դատարան են բերել: Հայաստանի քաղաքացու նման վիճակը բողոքի ալիք է բարձրացրել սոցցանցերում, որոշ օգտատերեր բաց նամակով էին հանդես եկել՝ ՀՀ ԱԳՆ-ից պահանջելով համարժեք գնահատական տալ տեղի ունեցածին և պաշտպանել ՀՀ քաղաքացու իրավունքները: Ռուսաստանի օմբուդսմենին իրավիճակին հետևելու և Հարությունյանի իրավունքները պաշտպանելու խնդրանքով դիմել էր ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:
Լուսանկարը՝ kp.ru