Home / Հայաստան / Արդյո՞ք քրգործ կհարուցվի քաղաքապետարանի աշխատակցի դեմ. նա քաշքշել էր փուչիկ վաճառողին

Արդյո՞ք քրգործ կհարուցվի քաղաքապետարանի աշխատակցի դեմ. նա քաշքշել էր փուչիկ վաճառողին

Հանրապետության հրապարակում փուչիկ վաճառող մոտ 16 տարեկան երիտասարդի և Երևանի քաղաքապետարանի առևտրի ու սպասարկման վարչության պետ Արման Եդոյանի միջև տեղի ունեցած ընդհարման առթիվ Ոստիկանությունը հետաքննություն է կատարում, որի արդյունքում կպարզվի պաշտոնյայի դեմ քրեական գործ կհարուցվի, թե՝ ոչ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը: Երեկ միջադեպից հետո, երբ փուչիկ վաճառող երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, Եդոյանին հրավիրել են ոստիկանություն, որտեղ նա բացատրություն է գրել:

Ավելի վաղ 1in.am-ը զրուցել էր միջադեպի ականատես առևտրականներից մեկի հետ, ով ներկայացրել էր դեպքի մանրամասները:

Ըստ ականատեսի՝ Եդոյանը եկել էր Հանրապետության հրապարակ առևտրականներին ստիպելու  դադարեցնել տվյալ վայրում իրականացվող առևտուրը: Վաճառողներից մեկը՝ Արսենը, ասել է, որ ծնող չունի, պարզապես չի կարող չվաճառել, և լավ կլինի, որ թույլ տան մի երկու ժամ՝ գոնե երեկոյան ժամը 21.00-ից մինչև 23.00-ը փուչիկներ վաճառի։ Ականատեսի խոսքով՝ քաղաքապետարանի ներկայացուցիչը հարձակվել է տղայի վրա, քաշքշել է նրան, ինչի հետևանքով տղան ուշագնաց է եղել, և նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:

««Էրեբունի» հիվանդանոցից ուշ երեկոյան Արսենին տարան տուն, բայց ասաց, որ լավ չի զգում, սակայն քաղմասի քննիչն ուշ երեկոյան նրան տարել է քաղմաս, որից հետո քաղաքապետարանի աշխատակցին, հետո էլ Արսենին ազատ են արձակել»,- պատմել է առևտրականը: 

Նրա խոսքով՝ իրենք Արման Եդոյանից հետաքրքրվել են, թե ինչպես է, որ Թբիլիսիում մարդիկ ազատ առևտրով են զբաղվում, իսկ իրենց չի թույլատրվում, ինչին ի պատասխան՝ քաղաքապետարանի ներկայացուցիչն ասել է. «Եթե Հայաստանում ձեռք չի տալիս, տոմս առեք, գնացեք»:

1in.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանն ասել է, որ Հանրապետության հրապարակում արգելված առևտրով զբաղվողին ևս մեկ անգամ հիշեցվել է, որ իրավունք չունի առևտուր իրականացնել:

Արթուր Գևորգյանը համոզմունք է հայտնել, որ Արման Եդոյանն այն անձնավորությունը չէ, որ բռնություն գործադրեր առևտրականների նկատմամբ: Նրա որակմամբ՝ հասարակությանն ու լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելով՝ պարզապես առևտրականները ցանկանում են շարունակել իրենց ապօրինի գործունեությունը Հանրապետության հրապարակում: