ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ափսոսանք է հայտնում և դատապարտում է Պոդոլսկի մոտ տեղի ունեցած վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, հայաստանցի Հրաչյա Հարությունյանի հանդեպ ռուսաստանյան դատարանում դրսևորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով: Այս մասին ասված է Աբրահամյանի հայտարարության մեջ, որը տարածել է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:
Կրկին անգամ ցավակցելով զոհվածների հարազատներին՝ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ իրավապահ մարմիններն ու համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն և պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ կատարած անձանց՝ համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաև կպարզեն վթարի իրական հանգամանքները:
Նշենք, որ հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են, վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել: Առաջադրված մեղադրանքով նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Երկու օր առաջ Հարությունյանին անմիջապես հիվանդանոցից կնոջ խալաթով են բերել դատարանի դահլիճ, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնել դեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը երեկ ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիայի պատճառ է դարձել: