Home / Հայաստան / Ինչու Ղուկասյանի դեմ քրգործ չի հարուցվել. փաստաբանը պնդում է՝ բավարար հիմքեր կան

Ինչու Ղուկասյանի դեմ քրգործ չի հարուցվել. փաստաբանը պնդում է՝ բավարար հիմքեր կան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից ծեծի ենթարկված Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի դեպքի առնչությամբ բողոք չի ներկայացվել, և այդ պատճառով էլ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը: Նրա խոսքով՝ միջադեպի հետ կապված Ոստիկանության Մուշի բաժնում այժմ քննություն է ընթանում:

Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը Epress.am-ին ասել է, որ նա չէր կարող բողոքել, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ոչ միայն ոստիկաններին չի կարող հանդիպել, այլ նաև հարազատներին չի տեսնում:  

Սահակյանի խոսքով՝ ոստիկանության համար կան բավարար հիմքեր ցանկություն դեպքում քրեական գործ հարուցելու համար: Սահակյանը, մասնավորապես, նշել է, որ մամուլում եղել են հրապարակումներ և փաստ է, որ Սարգսյանին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Նշենք, որ Epress.am-ի հետ զրույցում Արմեն Մալխասյանը նաև հերքել է մամուլում տարածված լուրերը, թե դատարանի հանդեպ վիրավորական պահվածքի համար Լուսինե Սահակյանի բողոքի հիման վրա Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Ըստ Մալխասյանի՝ այժմ այդ բողոքի կապակցությամբ ևս հետաքննություն է ընթանում:

Հիշեցնենք, որ, ականատեսների պնդմամբ, Վարդան Ղուկասյանը Սամվել Սարգսյանին ծեծի էր ենթարկել հուլիսի 16-ին՝ դատարանի դահլիճից դուրս գալուց հետո: Սարգսյանը նախակաթվածային վիճակում ու մարմնական վնասվածքներով տեղափոպվել էր հիվանդանոց: Այդ օրը դատարանում քննվում էր Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործը: Մեղադրյալը Սամվել Սարգսյանի որդին է՝ Հարություն Սարգսյանը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում