Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ընկերության ներդրումային ծրագրին և դրա շրջանակում իրականացվելիք աշխատանքներին, որոնց արդյունքում Հայաստանում կմեկնարկի ուռուցքաբանական ժամանակակից կենտրոնի ստեղծման ծրագիրը, կստեղծվի ներհիվանդանոցային կենտրոն, որը կունենա 150 բժշկական մահճակալ և համալրված կլինի ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Ընդհանուր առմամբ կիրականացվի շուրջ 12-14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում:
«Սա Ազգային մրցունակության հիմնադրամի կարևորագույն ծրագրերից է, որը մենք բավական երկար ժամանակ քննարկել ենք մասնավոր ներդրողների հետ: Մենք ունենք ներդրող, որը 12-14 մլն ԱՄՆ դոլար ներդրում է կատարելու, այս բնագավառի հայտնի ընկերություններից է, այս բիզնեսով զբաղվում է աշխարհի տարբեր երկրներում, այսինքն՝ փորձառու ներդրող է մեզ համար», – ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: