Երևանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունն իրականացվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ, ուստի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խնդրում է այդ հարցերով դիմել Երևանի քաղաքապետարան: Հիշեցնենք, որ այսօր հայտարարվել է Երևանում ուղեվարձի՝ 50 դրամով թանկացման մասին:
Նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ Միջպետական և միջմարզային երթուղիների փոխադրավարձի փոփոխության թույլտվությունը տալիս է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, իսկ նախարարության իրավասության տակ է գտնվում միջմարզային և միջպետական 158 միկրոավտոբուսային և 74 ավտոբուսային երթուղիները:
«Այս բոլոր երթուղիներում նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովն առանձին-առանձին ուսումնասիրում է ուղեվարձի վրա գազի թանկացման ազդեցությունը։ Արդեն իսկ պարզ է, որ կլինեն երթուղիներ, որտեղ ուղեվարձի փոփոխություն չի լինի:
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունների ավարտից հետո նախարարությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ», – նշված է հաղորդագրության մեջ:
Միջմարզային և միջպետական երթուղիներում փոխադրավարձի փոփոխություն առայժմ չի կատարվել: