Մասնագետները նշում են, որ տրանսպորտի ուղեվարձի ճիշտ չափը հնարավոր չէ սահմանել, քանի որ անհրաժեշտ տեղեկատվությունը չի տրամադրվում, և ուղեվարձի 50 տոկոսանոց աճը կապված է նաև գծատերերի ցանկության հետ: Ակտիվիստները պատրաստվում են ակցիաների:
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոսով թանկացումն արդարացված չէ, քանի որ գազը և դիզվառելիքը 50%-ով չեն թանկացել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է կառավարման փորձագետ, «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Հարություն Մեսրոբյանը՝ անդրադառնալով տրանսպորտի գնի փոփոխությանը: Նշենք, որ հուլիսի 20-ից Երևանում ավտոբուսների և երթուղայինների ուղեվարձը 100-ից դառնալու է 150 դրամ, իսկ տրոլեյբուսներինը՝ 50-ից 100:
Մեսրոբյանի խոսքով՝ քաղաքապետարանն ազնիվ չի վարվում՝ ասելով, որ թանկացումը կապված չէ գազի գնի հետ, այլ տեխնիկական վերազինման հարցը լուծելուն է ուղղված:
«Այժմ կատարվում է տրանսպորտային միջոցների վերազինում, իսկ նոր տեխնիկան առանձնապես ծախսեր չի պահանջում: Նոր ավտոբուսների ձեռքբերման վրա էլ մեծ ծախսեր չեն արվում, քանի որ դրանց մեծ մասը գրանտային ծրագրերով է նվիրվում, օրինակ, Չինաստանից բերված ավտոբուսները: Ինչ վերաբերում է թանկացման չափին, ապա անհնար է պարզել՝ ինչքան պետք է թանկանար, քանի որ այդ վերլուծությունը անելու համար անհրաժեշտ շատ ցուցանիշներ հանրության համար անհասանելի են, գործընթացը թափանցիկ չէ: Ուղղակի չի կարող տրանսպորտի թանկացումը կապված չլինել էներգակիրների գնի հետ: Մի էներգակիրի թանկացումը ազդում է մյուս էներգակիրների գնի վրա», – ասել է Մեսրոբյանը:
Հանրային տրանսպորտի թանկացումը, ըստ ՀՀ ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի, մի շարք գործոններով է պայմանավորված, այդ թվում նաև գնաճով: Սակայն Ասատրյանը նշել է, որ առաջնային դեր ունի գծատերերի ախորժակը:
«Հայտնի է, որ մեզ մոտ գիծ ունենալն ամենաեկամտաբեր բիզնեսն է, և շատ քաղաքական գործիչներ ունեն գծեր: Նրանք, հավանաբար, ստիպում են թանկացում՝ առանց հաշվի առնելու սոցիալական վիճակը, կամ թանկացումներ», – ասել է Բագրատ Ասատրյանը:
Ըստ նրա՝ քաղաքապետարանը պետք է ներկայացնի կոնկրետ թվեր, թե որ գործոնը՝ որակի բարձրացնելու ցանկությունը, նոր ավտոբուսների ձեռքբերումը, գազի, դիզվառելիքի գնի աճը ինչ չափով է ազդել գնի բարձրացման վրա:
Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում այսօր խմբեր են ստեղծվել՝ «Բոլորս վճարենք 100 դրամ» և «Չենք վճարելու 150 դրամ»:
Խմբերում տեղադրված հայտարարությունների մեջ ակտիվիստները կոչ են անում տրանսպորտում չվճարել 150 դրամ՝ սահմանափակվելով 100-ով:
«Քանի որ տրանսպորտի գնի թանկացումը, մեղմ ասած, անտրամաբանական է, ու որոշ չինովնիկներ մտածում են, որ ինչ ուզեն կարող են անել, առաջարկում ենք սկսած հուլիսի 20-ից ընդհուպ մինչև անորոշ ժամկետներ ուղղակի չվճարել ավելացած սակագնով: Վճարում ենք 100 դրամ և իջնում ենք… ավելին, կոչ ենք անում տրանսպորտից օգտվող մյուս ուղևորներին ևս վարվել մեզ նման»:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ, երբ հուլիսի 1-ից թանկացավ մետրոյի ուղեվարձը՝ հասնելով 100 դրամի, մի խումբ ակտիվիստներ «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնություն ստեղծեցին: Նախաձեռնության անդամները մի շարք բողոքի ակցիաներ և երթեր կազմակերպեցին, սակայն արդյունքի չհասան: