Բնապահպանություն նախարարություն «չի տեսել» Տաշտունում կատարվող ապօրինի շինարարությունը, և այն կասեցնելու ջանքեր է ձեռնարկել միայն բնապահպանների ահազանգներից հետո: Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացրել է Սյունիքի մարզի Մեղրու տարածքաշրջանի Տաշտուն գյուղական համայնքի մոտ իրականացվող աշխատանքների մասին:
Դեռևս հունիսի սկզբին բնապահպանները այցելել են Տաշտուն և պարզել, որ այնտեղ ոչ միայն անցկացվում են հետախուզական աշխատանքներ, այլ նաև գյուղին շատ մոտ սկսվել են հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման աշխատանքները:
Բնապահպանները տեղեկություններ են ունեցել, որ Տաշտունում հայտնաբերել են տարբեր տեսակի ազնիվ և լանթանոիդների շարքին պատկանող հազվագյուտ մետաղներ:
«Հայտնի է նաև, որ այդ հազվագյուտ մետաղներն օգտագործվում են հրթիռաշինության մեջ: Տաշտունի բնակիչները նշում են, որ հանքի տերը ազգությամբ ռուս է, իսկ տիրոջ ներկայացուցիչն այս պահին տուն է վարձում գյուղում և զբաղվում է աշխատանքների կարգավորմամբ: Հետաքրքրական է, որ Տաշտունում հանք բացող «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի մասին չկար որևէ տեղեկություն: Գյուղապետը նշում էր, որ իր մոտ կան հանքի բացման հետ կապված բոլոր փաստաթղթերը, որ հանքարդյունաբերող ընկերությունը քառամյա զարգացման ծրագիր է իրականացնելու գյուղում:
Այդ այցից հետո մենք հարցում ուղարկեցինք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, որի արդյունքում պարզվեց հետևյալը.
2007թ-ի օգոստոսի 8-ից մինչև 2012թ-ի հունիսի 15-ը «ՎՐԵԺ-ԴԵՐՈ» ՍՊԸ-ին տրամադրվել է երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ՀՀ Սյունիքի մարզի Քարասարի և Պրիխրեպտովոյի երևակման 300 հա մակերեսով տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար: 2012թ-ի օգոստոսի 15-ին այդ թույլտվության ժամկետը երկարաձգվել է մինչև 2014թ-ի հունիսի 15-ը: Սակայն նույն 2012թ-ի դեկտեմբերի 14-ին «ՎՐԵԺ-ԴԵՐՈ» ՍՊԸ-ն իր այդ իրավունքները փոխանցում է «Վենտմայն» ՍՊԸ-ին, իսկ դրանից 12 օր անց` դեկտեմբերի 26-ին, արդեն «Վենտմայն» ՍՊԸ-ն էլ իր հերթին այն փոխանցում է դրանից ընդամենը մեկ ամիս առաջ ստեղծված՝ վերը նշված «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ին:
Ֆուտբոլային այս արագընթաց կոմբինացիայից հետո, ՀՀ կառավարությունը` ոչ պակաս արագությամբ, 2013թ-ի մայիսի 23-ի նիստում որոշում է ընդունում` ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչև 3 տարի ժամկետով երկարաձգելու մասին: Այդ որոշման մեջ նշված են նաև ակնկալվող արդյունքները, որոնք են` ընկերության կողմից կառուցվող արտադրական համալիրը թույլ կտա 2013 թվականին թողարկել շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամի արտադրանք` հաջորդ տարիներին այն հասցնելով մինչև 2.2 մլրդ ՀՀ դրամի: Թողարկված արտադրանքը կարտահանվի և կիրացվի «ԱՏ-ՍՊԵՑՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՍՊԸ-ի և «ԱՎԻԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՓԲԸ-ի կողմից, որոնք հանդիսանում են «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի բաժնետերերը (ի դեպ այդ երկու կազմակերպություններն էլ ռուսական են): Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն 2013 թվականին նախատեսում է ստեղծել շուրջ 75 աշխատատեղ` մոտ 270 հազար ՀՀ դրամ ամսական միջին աշխատավարձով, իսկ հաջորդ տարում աշխատատեղերի քանակը հասցնելով մոտ 105-ի»,- ներկայացնում են բնապահպանները:
ՀԲՃ-ի մի քանի անդամներ հունիսի 28-ին կրկին այցելել են Տաշտուն, որտեղ ականատես են եղել, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն կատարում է հողաշինարարական աշխատանքներ։ Արդեն փորված էր մոտ տասը մետր խորությամբ բավականին մեծ մակերեսով փոս, իսկ հանված հողի շերտը լցվում էր մոտակայքով անցնող Տաշտուն գետի հովիտը: Ավելի վերևում կատարվում էին նաև բետոնապատման աշխատանքներ։
Քանի որ տարածքում բացակայել է շինարարության մասին տեղեկություններ հաղորդող որևէ ցուցանակ, ՀԲՃ-ի անդամները տեղի աշխատակիցներից պահանջել են համապատասխան փաստաթղթեր, որոնք կհաստատեին շինթույլտվության առկայությունը: Որոշ ժամանակ բնապահպանները կարողացել են կանգնեցնել աշխատանքները, իսկ փաստաթղթերն այդպես էլ չեն ներկայացվել: ՀԲՃ-ն ահազանգ է փոխանցել ՀՀ քաղաքաշինության և բնապահպանության նախարարություն՝ տեղյակ պահելով կատարվող շինարարության ու փաստաթղթերի բացակայության մասին:
Հաջորդ օրը՝ հունիսի 29-ին, ՀԲՃ-ի 14 անդամներ կրկին այցելել են Տաշտուն, և տեսել, որ աշխատանքները շարունակվում են: Բնապահպանները կարողանում են ստիպել մոտ մեկ և կես ժամով դադարեցնել շինարարական աշխատանքները՝ պահանջելով համապատասխան փաստաթղթեր, սակայն ապարդյուն: Այդ ընթացքում մի խումբ գյուղացիներ՝ մոտ 25-30 հոգի, գալիս են դեպքի վայր և բանավեճի բռնվում բնապահպանների հետ՝ պահանջելով, որ թույլ տան շարունակել աշխատանքները: Քիչ անց ժամանում է նաև Տաշտունի գյուղապետ Հենրիկ Գաբրիելյանը: Սակայն ո´չ գյուղապետը, ո´չ ընկերության ներկայացուցիչը, ո´չ տեղում շինարարություն իրականացող աշխատակիցները բնապահպաններին չեն ներկայացրել որևէ փաստաթուղթ, որը կփաստեր շինթույլտվություն ունենալը, կամ գոնե կներկայացներ իրականացվող շինարարության մյուս մանրամասները:
«Դրա փոխարեն պատասխանատուներից մեկը, որը ազգությամբ ռուս էր, փորձում էր մեզ բացատրել, որ իրենք վերևից «դաբրոն» ունեն և խորհուրդ էր տալիս հանդես չգալ վերևների դեմ։
ՀՀ քաղաքաշինության նախարարությունից մեզ պաշտոնապես պատասխանել են, որ մեր ահազանգի հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն առանց քաղաքաշինական և իրավական փաստաթղթերի ձևակերպման, փաստորեն՝ ինքնակամ, իրականացնում է բետոնապատման և հողային աշխատանքներ։ Իրենց կողմից 2013թ հուլիսի 12-ին Տաշտուն համայնքի ղեկավարին ուղարկվել է գրություն, որով առաջարկվել է կասեցնել ինքնակամ իրականացվող շինարարությունը և միջոցներ ձեռնարկել հետևանքների վերացման ուղղությամբ։ Իսկ ահա ՀՀ բնապահպանության նախարարությունից պաշտոնական պատասխան դեռևս չունենք, սակայն դրա փոխարեն իրենց կայքից տեղեկանում ենք, որ բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի շինարարության համար «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի նկատմամբ կայացվել է ընկերության գործունեության դադարեցման որոշում։
Ողջունելի է, որ բնապահպանության նախարարությունը դադարեցնում է Տաշտունում կատարվող ապօրինի շինարարությունը, սակայն չպետք է աղավաղել իրականությունը: Իրականում տեսչությունը չի հայտնաբերել ապօրինի շինարարությունը, այլ ստիպված է եղել «տեսնել» դա մեր ահազանգից հետո: Իսկ շինարարական աշխատանքներն այդ տարածքում սկսվել էին վաղուց, և ցանկության դեպքում կարելի էր հայտնաբերել դրանք առանց մեր ահազանգի», – պնդում են բնապահպանները:
Նրանք նաև ընդգծում են, որ ՀՀ կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել մի ընկերության, որը ստեղծվել է ընդամենը մի քանի ամիս առաջ, ոչ թե ներդրումներ կատարելու, այլ Հայաստանի ընդերքի հերթական թալանը կազմակերպելու համար, որը չունի հանքարդյունաբերության ոլորտում ոչ մի փորձ, առանց հանքավայրի պաշարների գնահատման, շահագործման լիցենզիայի և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության սկսել է հանքի շահագործում ու ֆաբրիկայի կառուցում: