Այսօր Արաբկիր և Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մատաղիսի գործով արդարացված տղաների քաղաքացիական հայցն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի: Այս մասին հայտնում է ԳԱԼԱ-ն՝ հղում կատարելով դատավոր Սիմիզար Հովսեփյանի աշխատակազմին:
Նախորդ դատական նիստը, որի ժամանակ պիտի կայացվեր դատավճիռը, չէր կայացվել` դատավոր Հովսեփյանի առողջական խնդիրների պատճառով:
Կայքը հիշեցնում է, որ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում էին Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հրապարակային ներողություն խնդրել:
Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանի կողմից տրված հարցազրույցը: Մատաղիսի գործի շրջանակներում Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը տարիներ շարունակ մեղադրվել են չկատարած հանցագործության մեջ:
Հարցազրույցում Գագիկ Ջհանգիրյանը հայտնել էր. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
«Գագիկ Ջհանգիրյանն իր արտահայտություններով նպատակ է ունեցել արատավորելու Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև խախտել է նրանց անմեղության կանխավարկածը՝ միտում ունենալով բացասական տպավորություն ստեղծել»,-նշված էր հայցադիմումի մեջ: