Home / Հայաստան / Օֆշորում գրանցված ընկերության փաստաթղթերում չկա վարչապետի ստորագրությունը, պնդում է խոսնակը

Օֆշորում գրանցված ընկերության փաստաթղթերում չկա վարչապետի ստորագրությունը, պնդում է խոսնակը

Կիպրոսյան իրավաբանական ընկերության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օֆշորում գրանցված ընկերության փաստաթղթերում բացակայում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությունը, չկա նաև նրա անունից տրված որևէ լիազորագիր: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը: 

Հիշեցնենք, որ Կիպրոսում ՀՀ վարչապետի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունով ընկերություն է գրանցվել: Սարգսյանն ու Կճոյանը հերքում են իրենց առնչությունը օֆշորային ընկերության հետ, իսկ Սուքիասյանը պնդում է, որ ընկերությունը ինքն է գրանցել առանց Սարգսյանի և Կճոյանի գիտության: Կիպրոսի գլխավոր դատախազն այս առնչությամբ հայտարարել էր, որ հնարավոր չէ առանց անձի գիտության Կիպրոսում ընկերություն գրանցել:

Տիգրան Սարգսյանը նաև դիմել էր կիպրոսյան մի իրավաբանական ընկերության, որպեսզի այն պարզի, թե ինչպես է իր անունը հայտնվել օֆշորային գոտում գրանցված ընկերության բաժնետերերի ցանկում:

Ինչպես փոխանցել է վարչապետի խոսնակը, կիպրոսյան իրավաբանական ընկերությունը հարցում է արել Կիպրոսի ձեռնարկությունների գրանցման պետական ռեգիստրին և պարզել, որ վարչապետի անունը իսկապես կա բաժնետերերի ցանկում, սակայն որևէ փաստաթղթի տակ չկա Տիգրան Սարգսյանի ստորագրությունը, ինչպես նաև գոյություն չունի որևէ լիազորագիր, որը կարող է փաստել, որ նա տվյալ կազմակերպության բաժնետեր է դարձել իր գիտությամբ:

Կիպրոսյան ընկերությունից երկու օր առաջ ստացված այս տեղեկատվությունը վարչապետը երեկ փոխանցել է գլխավոր դատախազությանը, որտեղից էլ այն ուղարկվել է ոստիկանություն: Վարչապետի փոխանցած այս տեղեկությունները կկցվեն դեռևս մեկ տարի առաջ գործարար Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի նյութերին:

Հարցին, թե ինչպե՞ս կարող էր վարչապետի անունը առանց նրա ստորագրության և լիազորագրի հայտնվել օֆշորային բաժնետերերի ցանկում, Տիգրան Սարգսյանի խոսնակը պատասխանեց՝ քանի որ գործը քննում է ոստիկանությունը, հետևաբար բոլոր մանրամասներին պետք է պատասխանի այդ կառույցը:  

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ դեռևս չեն ստացել դատախազության ուղարկած տեղեկատվությունը: