Քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանին այսօր առավոտյան 07:30-ի սահմաններում բերման են ենթարկել Երևանի ոստիկանության Մաշտոցի բաժին: Օհանյանը Դավթաշեն համայնքում թռուցիկներ է փակցնելիս եղել, որոնցում կոչ է արվում տրանսպորտի ուղեվարձի համար չվճարել 150 դրամ:
Epress.am-ի հետ զրույցում Օհանյանն ասել է, որ ոստիկանության բաժնում է արդեն 3 ժամ և այս պահին բացատրություն է գրում, որից հետո իրեն խոստացել են բաց թողնել:
Քաղաքացիական ակտիվիստ Լուսինե Հովսեփյանն էլ Epress.am-ին հայտնել է, որ քիչ առաջ ակտիվիստներ Դավիթ Հարությունյանին և Սոնյա Մսրյանին ոստիկանները բերման են ենթարկել Էրեբունու բաժին: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Երեկ Երևանի քաղաքապետարանի մոտ ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիական ակտիվիստների խումբն այսօր առավոտից ակցիա է սկսել հասարակական տրանսպորտում և Երևանի փողոցներում: Ակտիվիստները մարդկանց կոչ են անում չվճարել քաղաքապետարանի կողմից սահմանված նոր ուղեվարձը՝ 150 դրամ, այլ նախկինի նման սահմանափակվել 100 դրամով:
10:15-ի դրությամբ մի խումբ քաղաքացիական ակտիվիստները Արշակունյաց պողոտայից սկսել են իրենց իրազեկման ակցիան, որի ընթացքում նրանք նույն թռուցիկներն են փորձում փակցնել և տարածել: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում նշել է Լուսինե Հովսեփյանը, ոստիկանությունը, սակայն, խոչընդոտում է ակտիվիստների գործողությունները՝ թույլ չտալով թռուցիկներ փակցնել: Ի պատասխան ակտիվիստների պահանջներին բացատրություն տալ՝ ոստիկաններն առաջարկում են իրենց հետ գնալ բաժին և լսել բացատրությունները: Ակտիվիստները հրաժարվում են՝ շարունակելով պողոտայով քայլել կրկեսի ուղղությամբ: