Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ այսօր հավաքվել էին Արարատի թեմի երիտասարդական միության մի խումբ սաներ և շարքային քաղաքացիներ, ովքեր պահանջում էին հանդիպում սրբազան Նավասարդ Կճոյանի հետ: Հավաքվածները նշել են, որ ակցիա չեն անցկացնում, այլ պարզապես փորձում են համոզել Կճոյանին վերադարձնել տեր Հակոբ քահանա Խաչատրյանին երիտասարդական թեմի հովվի պաշտոնը:
Օրեր առաջ Արարատյան թեմի առանջորդ Նավասարդ Կճոյանը որոշում է կայացրել տեր Հակոբին Սուրբ Սարգիս եկեղեցուց տեղափոխել Սուրբ Երրորդություն, ինչպես նաև զրկել Արարատյան թեմի երիտասարդական միության առաջորդությունից՝ հանձնարարելով զբաղվել բոլոր երիտասարդական միություններով:
Կիրակի օրը Հ2-ի եթերում՝ «Չէին սպասում» հաղորդման շրջանակներում, Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտարարել էր, որ «Տեր Հակոբը հազար Կճոյան արժե»: Հավաքվածների համոզմամբ՝ Շամշյանի այդ հայտարարությունն էլ հիմք է հանդիսացել Կճոյանի՝ Տեր Հակոբին տեղափոխելու համար:
Երիտասարդական միության սաներն այսօր լրագրողներին ասել են, որ իրենց զայրացրել է Կճոյանի այն հայտատարությունը, թե իբր տեր Հակոբը թերացել է Արարատյան թեմի գործերում: «Նման բան չկա, տեր Հակոբը իր ձեռքերով է կառուցել այս թեմը, երգչախումբը, պարի խմբակը, անգլերենի խմբակը: Առանց նրա թեմը կլուծարվի»,- ասել է միության անդամ Գայանե Գրիգորյանը:
Հավաքված մարդկանց և լրագրողներին դիմավորել է մամլո դիվանի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը, ով խնդրել է հարցը մամուլում շահարկումների թեմա չդարձնել և հասկանալ, որ քահանաների տեղափոխումը մի եկեղեցուց մյուսը նորմալ է:
«Հոգևորականի ծառայությունը զինվորական ծառայության նման է, եթե հրամանատարը որոշում է սպայի ծառայության վայրը փոխել, սպան նույնիսկ չի քննարկում դա»,- համեմատել է Անդրեասյանը: Ըստ նրա՝ Կճոյանը ևս բարձր է գնահատում տեր Հակոբի աշխատանքը և այդ պատճառով է պաշտոնի բարձրացում արել. Տեր Հակոբը այժմ ոչ միայն Արարատյան միության, այլև ողջ թեմի երիտասարադական բոլոր միությունների համակարգմամբ կզբաղվի:
«Հիմա էլ եմ նույն կարծիքին, որ տեր Հակոբը մեկ միլիոն Կճոյան արժի, ու այդ կարծիքը ահավոր խանդով է տարել պարոն Կճոյանը, այո պարոն, ես նրան հոգևորական չեմ համարում»,- մամլո դիվանի ներկայացուցչին հակադարձել է Գագիկ Շամշյանը, ով ևս ներկա էր ակցիային:
Ակցիայի մասնակիցները երեկ տեր Հակոբին վերադարձնելու խնդրանքով հանդիպել են Նավասարդ Կճոյանին: «Մեզ ասեցին, որ ձեր խնդրանքը ընդունում ենք, սակայն, փաստորեն, տեր Հակոբին չեն վերադարձրել»,- ասել է Հովհաննես Հարությունյանը:
Հավաքվածները, սակայն, այդպես էլ չեն հանդիպել սրբազան Կճոյանի հետ, նրանց կարծիքով՝ Կճոյանը, իմանալով իրենց նախաձեռնության մասին, այսօր չէր եկել թեմ:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է Կճոյանի անունը միշտ շրջանառվում տարբեր սկանդալներում՝ նաև օֆշորային սկանդալում, մամլո դիվանի ներկայացուցիչն ասել է, որ դա լրագրողներն անում են՝ «ռեյտինգ ապահովելու համար» և միակողմանի են լուսաբանում նման սկանդալները:
Ակցիայի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ՝ Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավար Հայկ Թադևոսյանը վիճաբանության մեջ է մտել Վահրամ սարկավագի հետ: Այս մասին ակցիայի մասնակիցները ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանին: Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության՝ Վահրամ Բարեշնորհ սարկավագի հագուստը պատռել են, իսկ երբ մարդիկ դիմել են ոստիկաններին, վերջիններիս կողմից միջոցներ չեն ձեռնարկվել: Քահանայի դիմումը ընդունվել է վարույթ ՄԻՊ գրասենյակում: