Մի խումբ ակտիվիստներ այսօր առավոտվանից Երևանի հասարական տրանսպորտում ուղեվարձի թանկացման դեմ ակցիաներ են սկսում:
Երեկ Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիական ակտիվիստների խումբն այսօր ակցիաների շարք է սկսում Երևանի երթուղայիններում և ավտոբուսներում:
Խմբի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենց այսօր առավոտից սկսում են թռուցիկներ բաժանել հասարակական տրանսպորտում, ինչպես նաև ցուցադրական 100 դրամ վճարել և իջնել ավտոբուսներից ու երթուղայիններից:
Ակտիվիստները մի քանի խումբ են կազմել, որոնք առավոտից պետք է աշխատեն քաղաքի տարբեր հատվածներում:
«Եթե կան այլ մարդիկ, որոնք ցանկանում են մասնակցել ու ներգրավված չեն այդ խմբերում, կարող են միանալ ֆեյսբուքյան միջոցառմանը, կազմել իրենց խումբը և անցնել գործի, կամ դա իրականացնել միայնակ` տպելով թռուցիկի տեքստը կամ գրելով ֆեյսբուքյան միջոցառման մեջ և եթե կլինեն պատրաստի տպված թռուցիկներ վերցնել դրանք: Նույնիսկ թռուցիկի բացակայության պարագայում նստում ենք երթուղայիններ, ցուցադրաբար վճարում ենք 100 դրամը՝ բացատրելով վարորդին և մյուս ուղևորներին, թե ինչու է դա արվում և կոչ անելով մյուս ուղևորներին ևս վճարել 100 դրամ», – ասված է ակտիվիստների հայտարության մեջ:
Թռուցիկի տեքստը՝ կոչ է ուղղված հայաստանցիներին, որում նշվում է, թե քաղաքացիներին խաբում են՝ հայտարարելով, թե տրանսպորտի 50-100% թանկացումը ընդհանուր թանկացումների անխուսափելի հետևանքն է։
«Հանրային տրանսպորտը թանկացնում են 50-100%՝ շատ ավելի բարձր տոկոսով, քան թանկացումներն է։ Ավելին, դիզվառելիքը չի թանկացել, բայց դրանցով աշխատող ավտոբուսների ուղեվարձը նույնպես պատրաստվում են դարձնել 150 դրամ:
ՄԻ՛ ԹՈՂ ՔՈ ՀԱՇՎԻՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ ԳԵՐՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱՆ
Չորս անձից կազմված միջին վիճակագրական ընտանիքի ամսական ծախսը այս թանկացումով կավելանա ամենաքիչը 10000 դրամով: Ո՞ւր է գնալու այս գումարը, արդյո՞ք դրա արդյունքում թեթևանալու է վարորդների հոգսը կամ բարձրանալու է սպասարկման մակարդակը։ Ո՛չ, հայաստանցու գրպանից պակասող այս գումարի հաշվին ընդամենը էլ ավելի մեծանալու են այն օլիգարխների շահույթները, որոնց պատկանում են երթուղային ավտոբուսների գծերը։
ԲՈՅԿՈՏԻ՛Ր ԹԱՆԿԱՑՈՒՄԸ
Ի՞նչ անել։ Հաշտվել այս թանկացման հետ ու հնազանդվե՞լ։ Բայց եթե այս թանկացման նախաձեռնողները տեսնեն, որ դիմադրություն չկա, այս թանկացմանը կհետեւեն համանման ուրիշ թանկացումներ՝ ավելի ու ավելի ծանր։ Դա թույլ չտալու համար պետք է բոյկոտել այս թանկացումը, չվճարել 150 դրամը և հասնել նրան, որ թանկացումը չեղյալ հայտարարվի։
ՄԻ՛ ՎՃԱՐԻՐ 150 ԴՐԱՄ
Միասին մենք կհասնենք նրան, որ այս թանկացումը չեղյալ հայտարարվի։ Մեր բոյկոտը բնավ ուղղված չի հանրային տրանսպորտի վարորդների դեմ։ Ընդհակառակը՝ 150 դրամ ՉՎՃԱՐԵԼՈւ մեր այս բոյկոտը կարող է խթան հանդիսանալ, որ վարորդները ավելի լավ գիտակցեն սեփական շահերը պաշտպանելու իրենց իրավունքը և օրենքով թույլատրված ձևերով, որոնցից է նաև գործադուլը, հասնեն իրենց սոցիալական վիճակի բարելավմանը։
ԲԱԶՄԱՑՐՈ՛Ւ ԱՅՍ ՏԵՔՍՏԸ, ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԲԱԺԱՆԻ՛Ր ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՓԱԿՑՐՈ՛Ւ ՇԵՆՔԵՐԻ ՄՈՒՏՔԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԹԵՎԵԿԵԼԻՍ ՇԱՐՈՒՆԱԿԻ՛Ր ՎՃԱՐԵԼ 100 ԴՐԱՄ», – նշված է թռուցիկի տեքստում: