Ազատամարտիկները դադարեցրել են նստացույցը Ազատության հրապարակում և սկսում են մարզային հանդիպումներ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:
Ազատամարտիկն իր մի քանի համախոհների հետ արդեն եղել են Գյումրիում, Իջևանում, Դիլիջանում, Սևանում, Սիսիանում, Վարդենիսում:
«Մոտ 1000 հոգի ազատամարտիկ, իմանալով մեր նախաձեռության մասին, իրենք ևս որոշել են միանալ և պայքարել՝ մեր սոցիալական պայմանները բարելավելու համար: Ուղղակի շրջաններից մարդիկ ունեն ոչ միայն ֆինանսական խնդիրներ, այլև Երևան գալու ժամանակի խնդիր: Հիմա բերքահավաքի շրջան է: Երբ բերքահավաքն ավարտվի, նրանք կգան և կմասնակցկեն նստացույցին»,- ասել է Ավետիսյանը:
Ազատամարտիկներն իրենց մարզային հանդիպումները շարունակելու են, դեռ չեն որոշել՝ որ համայքներն են հաջորդիվ այցելելու:
Բոլոր մարզերում ազատամարտիկներին իրազեկելուց հետո՝ սոցիալական պայմանները բարելավման համար պայքարող ազատամարտիկները կշարունակեն Ազատության հրապարակում հանրահավաքներ և նստացույցեր անել, կդիմեն այլ մասշտաբային միջոցառումների:
Հուլիսի 13-ից Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը, սակայն, չի դատարեցրել իր ակցիան և մենակ է այժմ Ազատության հրապարակում: