Ֆեյսբուքում անանուն խմբի կողմից կիրակի օրը Բաքվի Շատրվանների հրապարակում նշանակված՝ ձերբակալված ադրբեջանցի ակտիվիստներին ազատ արձակել պահանջող լուռ բողոքի ակցիան լրջորեն անհանգստացրել է իրավապահ մարմիններին, հայտնում է Contact.az-ը:
Թեև ակցիան նշանակված էր ժամը 15.00-ին, արդեն կեսօրից Շատրվանների հրապարակը ոստիկանության հսկողության տակ էր: Հրապարակը հերթով հսկում էին երկու ոստիկաններ՝ ռետինե մահակներով:
Ոստիկանական մեքենաներ են նկատվել «ՄքԴոնալդս» սրճարանի, ինչպես նաև տարածքում գտնվող այգիների շրջակայքում:
Իրավապահ մարմինների աշխատակիցները, հենց նկատում էին երիտասարդների փոքր խմբեր, նրանց անմիջապես խորհուրդ էին տալիս լքել հրապարակը:
Չնայած շոգ եղանակին, քաղաքային վարչության ղեկավարությունը հանկարծ որոշել էր զբաղվել Շատրվանների հրապարակի մաքրությամբ, նշում է հրատարակությունը:
5 լվացող մեքենաներ անսպասելի հայտնվեցին հենց այն վայրում, որտեղ նախատեսված էր անցկացնել ակցիան: Հրապարակի հենց այդ հատվածում շարժվելով՝ դրանք խանգարում էին ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին:
Երբ հրապարակում հայտնվեց մի երիտասարդ և կանգնեց հրապարակի մեջտեղում, մեքենաներից մեկը շարժվեց նրա ուղղությամբ, բայց երիտասարդը տեղից չշարժվեց: Այդ պահին քաղաքացիական հագուստով մարդիկ, բռնելով երիտասարդին, նրան հեռացրին հրապարակից:
Ոստիկաններն արգելում էին ինչ-որ մեկի նետած թռուցիկի նկարահանումը: Թռուցիկի վրա գրված էր՝ «Մի խլեք մեզանից մեր երիտասարդությունը»:
Մեկ այլ երիտասարդ նույնպես որոշեց միայնակ բողոքել՝ ձեռքերով փակելով բերանը: Սակայն նրան անմիջապես բռնեցին քաղաքացիական հագուստով մարդիկ և հեռացրին հրապարակից: Նա հասցրեց լրագրողներին ներկայանալ որպես Վուգար Ասլանով՝ «Բաց հասարակություն» կուսակցության անդամ:
Ոստիկանները փակեցին լրագրողների ճանապարհը և թույլ չտվեցին նկարահանել ձերբակալման գործընթացը:
Ընդհանուր առմամբ, տարվա սկզբից Ադրբեջանում ձերբակալվել է երիտասարդական շարժումների 9 ակտիվիստ:
Եվս 3 երիտասարդ ակտիվիստ հուլիսի 15-ին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի: