Կիրակի՝ հուլիսի 21-ին, Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիական ակտիվիստների խմբերը շարունակել են տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները: Նրանք կանգառներում «դիմավորում էին» ավտոբուսներն ու երթուղայինները, հորդորում էին իջնողներին չվճարել 150 դրամ (նոր սակագին) և սահմանափակվել նախկին 100 դրամով: Հիշեցնենք, որ ակցիաները Երևանում սկսվել են շաբաթ օրը, երբ ուժի մեջ է մտել քաղաքապետարանի հայտարարած ուղեվարձի 50 դրամով թանկացումը:
Ակտիվիստներն անցորդներին «Շարունակիր վճարել 100 դրամ» գրությամբ թղթեր էին բաժանում, զրուցում մարդկանց հետ, նշում, որ Հայաստանում էլ հնարավոր է քաղաքացիական անհնազանդության միջոցով հասնել նրան, որ տրանսպորտի գները կիջնեն, ինչպես դա եղավ նախորդ ամսին Բրազիլիայում, որտեղ լայնածավալ բողոքի ակցիաներից հետո ուղեվարձը նվազեցվեց:
Epress.am-ի թղթակիցը ակտիվիստների մի խմբի հանդիպել է «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնի մշտապես մարդաշատ կանգառում: Մոտ 20 երիտասարդներ յուրաքանչյուր միկրոավտուբուսի կամ ավտոբուսի ժամանելուն պես սկսում էին վանկարկել՝ «ուղեվարձը 100 դրամ է», ինչպես նաև բուռն ծափահարում և քաջալերում էին այն մարդկանց, ովքեր 100 դրամ էին տալիս և իջնում:
Վարորդները հիմնականում լռում էին, սակայն մեր թղթակիցն ականատես է եղել նաև բուռն վիճաբանության դեպքերի: Մասնավորապես, ավտոբուսներից մեկի վարորդը, «Այրարատ» կինոթատրոնի կանգառից Տիգրան Մեծ պողոտայով մեկ կանգառ բարձրանալով, վեճի է բռնվել ուղևորներից մեկի հետ, ով 100 դրամ է վճարել և իջել ավտոբուսից: Ուղևորը նշել է, որ իր համար ուղեվարձը 100 դրամ է, ինչին նյարդայնացած վարորդն արձագանքել է, թե ինքը մեղավոր չէ, պետք է պլան վճարի և առաջարկել է բողոքել քաղաքապետարանի կամ այլ պետական կառույցների մոտ: Ավտոբուսում ներկա մի կին միջամտել է վեճին՝ նշելով, որ ինքն անձամբ մասնակցել է քաղաքապետարանի մոտ անցկացված ակցիային: Նա կոչ է արել վարորդներին միանալ ակտիվիստների շարժմանը և գործադուլ հայտարարել: Վարորդը դուրս է եկել իր տեղից, մտել է ավտուբուսի սրահ և շարունակել է վիճել կնոջ հետ, ով, սակայն, պնդել է, որ վարորդները նույնպես պետք է ինքնակազմակերպվեն և ակցիաներ սկսեն:
Նշենք, որ երեկ ակցիաներին է միացել դերասան, «Կարգին հաղորդում» շոուի համահեղինակ Հայկ Մարությանը՝ Հայկոն, ով իր սեփական մեքենայով մարդկանց անվճար Օպերայի տարածքում գտնվող կանգառից տեղափոխել է Կոմիտաս: Նմանատիպ ակցիաներ իրենց աձնական մեքենաներով իրականացրել են ևս մի քանի վարորդներ: