Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ չի նշվում, թե արդյոք խորհրդակցության ժամանակ խոսել են ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների մասին:
Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ապահովման կատմամբ իրականացվող մշտադիտարկումը: Նրա խոսքով՝ կազմվել են 26 արձանագրություններ չնախատեսված վայրերում կայանում կատարելու, 8 արձանագրություններ՝ վարորդների ծխելու և 4 արձանագրություն էլ տրանսպորտային միջոցի անբավարար արտաքին տեսքի համար: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը:
Ինչպես նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում, այդ համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից հասարակական տրանսպորտի սպասարկման պատշաճ որակի ապահովման պարտավորության կատարումը:
«Մենք պետք է առավել խիստ և հետևողական լինենք սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես, երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման և երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Պետք է բացառել միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը: Առաջիկայում կքննարկենք նաև համայնքային ենթակայության տրանսպորտային միջոցներում փորձանական տարբերակով միասնական տոմսի ներդրման ծրագրի կազմակերպման հնարավորությունը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հաղորդագրության մեջ չի նշված, թե արդյոք խորհրդակցության ժամանակ խոսվել է Երևանում շաբաթ օրվանից մեկնարկած բողոքի ակցիաների մասին և արդյոք անդրադարձ է կատարվել Հենրիկ Նավսարդյանի պահվածքին, ով երեկ լրագրողի է հայհոյել: