Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, բայց հայերն այդ գործընկերությունից ամեն հնարավորն արդեն քամել են ու հիմա ինչ-որ նոր բան են ուզում: Արդյունքում նրանք հայտնվել են շատ բարդ իրավիճակում: Vesti.az կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի դասախոս, Միջազգային եվրասիական միության ղեկավար Ալեքսանդր Դուգինը (լուսանկարի վրա՝ մեջտեղում):
«Այո, հայերը շատ պրագմատիկ ազգ են, նրանք Ռուսաստանի հետ բարեկամությունից ստացել են բոլոր ռազմավարական առավելությունները: Բայց Ռուսաստանն էլ Հայաստանին իր առաջարկներում անսահմանափակ չէ: Մենք Հայաստանին առաջարկել ենք այն ամենը, ինչ կարող էինք. այն այդ ամենը կերավ, մարսեց, ու հիմա էլի է ուզում: Բայց Ռուսաստանն ավելին տալ չի կարող: Այսպիսի իրավիճակ է ստեղծվել՝ մեկին թվում է, որ իրեն քիչ են տվել, իսկ մյուսին՝ որ չափազանց շատ է տվել: Հայերին թվում է, թե Ռուսաստանն իրենց էլի ինչ-որ բան է պարտք, իսկ Ռուսաստանը կարծում է, որ հայերը ստացել են այն, ինչ պետք է, ու անգամ ավելին: Եվ երբ հայերն ավելին են պահանջում, դա Մոսկվայում շփոթություն է առաջացնում»,- ասել է Դուգինը:
Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշման մասին խոսելիս Դուգինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի եղել ոչ Հայաստանի կողմից, ոչ էլ Ադրբեջանի:
«Ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանը եղել է Ռուսաստանի կողմից: Հենց այդպես: Իհարկե, շատ հիմարություններ են կատարվել, նկատի ունեմ 90-ական թվականներին, երբ Ռուսաստանը ամբողջովին ինքն իր կողմից չէր, այլ ԱՄՆ-ի, բայց հիմա Ռուսաստանը ուշքի է գալիս և Ղարաբաղյան հակամարտության հարցում մտադիր չէ կանգնել ինչ-որ մեկի կողքին: Իսկ հայերը պահանջում են, որ Ռուսաստանը իրենց ակնհայտորեն աջակցի: Այդպիսի բան չի լինի: Ադրբեջանցիները, ճիշտ է, ավելի իրատեսորեն են գործում, բայց միևնույն ժամանակ ասում են՝ «Եթե Մոսկվան Ղարաբաղի հարցում մեզ չսատարի, ապա մենք կանցնենք ԱՄՆ-ի կողմը»: Դա նույնպես կարող է վատ ավարտվել»:
«Հայերը պետք է հասկանան՝ Ռուսաստանն իրենց տալու է այնքան, ինչքան նախկինում, եթե ոչ ավելի քիչ: Եթե հայերը դա կառուցողաբար ընդունեն, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի: Իսկ ահա եթե նրանք սպառնալիքների միջոցով փորձեն ավելին ստանալ, թե՝ «Մենք կանցնենք ԱՄՆ-ի կողմը», ապա դա լուրջ բարդությունների կբերի»,- եզրափակել է ռուսաստանցի վերլուծաբանը: