ՀՀ օմբուդսմենը վստահ է, որ հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքում պետք չէ ազգային խտրականություն փնտրել և այն վերածել ռուս-հայկական կոնֆլիկտի:
Երեկ Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» կալանավայրում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդիպել է հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանին, ում մեղադրում են հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ավտովթարի մեջ, որը 18 մարդու կյանք է խլել:
«Հարությունյանը շատ դանդաղ է ապաքինվում, քանի որ կետրվածքներ էր ստացել, ու այժմ իսկապես արդեն կար դեպրեսիայից դուրս եկած մարդ՝ նույնիսկ ժպիտ կար, երբ դրական բաների մասին էինք խոսում կամ իր ընտանիքի ողջույններն էի փոխանցում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Անդրեասյանը:
Վերջինս ընդգծել է, որ Հարությունյանի երեք փաստաբանների ընտրության հետևանքով քաոսային մի թիմ էր ստեղծել, և, որպես նախկին փաստաբան, ինքը հանդես է եկել մասնագիտական առաջարկություններով՝ Հարությունյանի փաստաբանական թիմն ավելի կուռ դարձնելու վերաբերյալ:
«Քիչ առաջ իմացանք, որ ՌԴ-ում հայտնի փաստաբան Ռուբեն Մարգարյանը կառաջնորդի Հարությունյանի փաստաբանական թիմը», – ասել է Անդրեասյանը:
Ինչ վերբերում է Հարությունյանին խալաթով դատարան բերելու պատմությանը, ապա օմբուդսմենը նշել է, որ այդ ուղղությամբ պետք է քննություն տարվի:
«Պատասխանը, թե իրականում ինչու էր այդպես եղել, կամ ում մեղքով, կստանանք շաբաթներ անց: Իրավապահների նման գնահատականները, որոնք պետք է լինեն պաշտոնական, մեկ օրում կամ մեկ շաբաթում չեն լինում», – ասել է Անդրեասյանը:
Խոսելով Հարությունյանի՝ Հայաստանին արտահանձման հնարավորության մասին՝ պաշտպանը նշել է, թե վաղ է խոսել այդ մասին: Նա նշել է, որ հանդիպումների ժամանակ ինքը քննարկման առարկա է դարձրել ոչ թե արտահանձնումը, այլ արդար դատարանի ու Հարությունյանի համար պայմանների ապահովումը:
Պաշտպանը նշել է, որ, իր կարծիքով, գործում ազգային խտրականության խնդիր չկա, ու շատ վտանգավոր է այս միջադեպը վերածել ռուս-հայկական ազգամիջյան կոնֆլիկտի:
Անդրադառնալով «Ռոսիա» հեռուստաընկերության լրագրող Օլգա Սկաբեևայի ռեպորտաժին, բանախոսն ընդգծել է, թե դա ամենավտանգավոր երևույթներից էր, որը կարող էր ռուսների ու հայերի համար համընդհանուր այդ ողբերգությունը վերածել ազգամիջյան լուրջ խնդրի:
«Լրագրողը չունի այնքան էթիկական նորմեր, որ, իմանալով, թե չի կարելի հատուկ շեշտել ազգային կամ քաղաքացիության պատկանելությունը, ոչ միայն շեշտում է, այլև թույլ է տալիս գռեհիկ արտահայտություններ: Խնդիրը լուրջ քննարկվել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ, և ռուսական կողմի արձագանքը մեզ համար ողջունելի էր. իրենք պատրաստվում են համապատասխան գրությամբ հանդես գալ՝ դատապարտելով նման լրագրությունը: Չկա բաժանում հայերի ու ռուսների միջև, վստահ եմ, որ վանդակում այդ խեղճ մարդուն խալաթով տեսնելուց ոչ միայն հայերը վատ զգացին, այլև ռուսները և բելառուսները: Այդ տիկնոջ ռեպորտաժն ինքնին մարդու իրավունքների խախտում էր և դուրս էր ցանակացած ողջամիտ լրագրության շրջանակներից», – եզրափակել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլկսի մոտ Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազի» արգելակները շարքից դուրս են եկել, բեռնատարը կողաշրջվել է և հարվածել ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են: Առաջադրված մեղադրանքով նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Հարությունյանն ինքն էլ մարմնական վնասվածքներ է ստացել: Երկու օր առաջ նրան այդ վիճակում անմիջապես հիվանդանոցից կնոջ խալաթով դատարանի դահլիճ են բերել, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնել դեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիաների պատճառ է դարձել: