ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետին, որպեսզի իրենց ներկայացնեն ուղեվարձի թանկացման իրավական հիմքերը և տնտեսական հիմնավորումները:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Անդրեասյանն ասել է, որ ՄԻ գրասենյակը մեկ-երկու օրում չի հասցնում իր թանկացման իր գնահատականը տալ, բայց գնահատականներում փորձում է հնարավորինս օբյեկտիվ և մասնագիտորեն ճշգրիտ լինել:
«Միակ բանը, որ ես կարող եմ այսօր, առանց քաղաքապետարանի պատասխանի ասել ու մեկնաբանություն անել, հետևյալն է՝ ընդամենը 3-4 ամիս առաջ Երևանի քաղաքապետը խոստանում էր, որ այս թանկացումը չի լինելու: Ինձ համար հետաքրքիր է, և ես որպես օմբուդսմեն, որպես պաշտոնյա, որպես մարդ ակնկալում եմ լսել այդ հիմնավորումները, որոնք ուղարկելու է քաղաքապետարանը: Այդ ի՞նչն է փոխվել 4 ամիսների ընթացքում, որ այսպես կտրուկ քաղաքապետի ակնկալիքները փոխվել են և փոխվել է դրանց տնտեսական հիմնավորումն ու բազան», – ասել է Անդրեասյանը:
Ինչ վերաբերում է օրեր շարունակ թանկացման դեմ կազմակերպվող ակցիաներին, ապա ՄԻ պաշտպանը հայտարարել է, որ ինքն անձամբ հիանում է այն քաղաքացիներով, ովքեր իրենց մեքենաներով անվճար տեղափոխում են մարդկանց:
«Ես չունեմ իմ սեփական մեքենան, թե չէ հաճույքով, որևէ տեղից մեկնելով, կտանեի ինձ հետ այդ մարդկանց: Հատկապես ոգևվորված եմ, երբ տեսնում եմ, որ մեր մտավորականները, հայտնի գործիչներն են միացել այդ գործընթացին, որովհետև սա նշանակում է, որ մեր քաղաքացիական հասարակությունն իսկապես ավելի ու ավելի է կայանում», – նշել է օմբուդսմենը:
Միևնույն ժամանակ, նա կոչ է արել քաղաքացիներին ոստիկաններին ապօրինի դիմադրություն չցուցաբերել, քանի որ դա հանցագործություն է:
«Միշտ կրկնել եմ՝ չի կարելի հանցագործությամբ պայքարել հանցագործների դեմ», – ասել է նա:
Epress.am-ի հարցին, թե ակցիային միանալու դեպքում արդյո՞ք պատրաստ կլիներ մյուսների պես կոչ անել մարդկանց երթևեկել 100 դրամով, Անդրեասյանը պատասխանել է. «Եթե օգտվեմ տրանսպորտից, ես ինքս չեմ կարողանա 100 վճարել, եթե պահանջվում է 150: Նույն սկզբունքով, եթե ես անարդար համարեմ, որ որևէ ռեստորանում որևէ ուտելիք 1000 դրամ է, ես չեմ կարող վճարել այնքան, որքան ես եմ վճարում: Ես կնախընտրեի այդ դեպքում չօգտվել տրանսպորտից, որովհետև որպես մարդ չեմ կարող չտալ հասանելիքը այդ մադուն: Այստեղ վատ վիճակի մեջ կարող է հայտնվել վարորդը»:
Ըստ օմբուդսմենի՝ պայքարի յուրաքանչյուր այլ միջոց, որը չի խախտում մեկ ուրիշի իրավունքը, իր համար ողջունելի և ընդունելի են:
«Բայց եթե կան վարորդներ, որոնք 100 դրամով են մարդկանց տեղափոխում, ես ողջունում եմ», – ավելացրել է նա: