Home / Հայաստան / Բանաստեղծը գնացել է նախագահական և վերադարձրել «Գարեգին Նժդեհ» մեդալը

Բանաստեղծը գնացել է նախագահական և վերադարձրել «Գարեգին Նժդեհ» մեդալը

Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը երեկ Բաղրամյան 26-ում (նախագահական նստավայր) սպասելիս է եղել խորհրդային տարիների քաղբանտարկյալ և այլախոհ, բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանին (լուսանկարում), ով գնացել էր՝ հետ վերադարձնելու իր ստացած «Գարեգին Նժդեհ» մեդալը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ փոխնախարարը փորձել է Մերուժան Հովհաննիսյանին համոզել մեդալը չվերադարձնել, գովեստի խոսքեր է ասել և անգամ առաջարկել, որ նա հայրենասիրական դասեր տա ուսանողներին:

«Նրանց համար ցանկալի էր, որ ես մեդալը չվերադարձնեի և պարտվածի կարգավիճակով վերադառնայի: Բնականաբար, ինձ կոտրելը հեշտ չէ: Ես բացատրեցի նրանց, որ մեդալը ինձ հանձնողը (Սերժ Սարգսյանը) ներկա չի և երբ նա վերադառնա և ինձ հրավիրի իր մոտ, ես նրան կհայտնեմ մեդալը վերադարձնելու պատճառը»,- ասել է Մերուժանը և հավելել, որ իր համար նվաստացուցիչ է ընդունել մի մարդու անունը կրող մեդալ, որի ժողովուրդն այսօր տառապանքի մեջ է:

Նշենք, որ ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրում է ՀՀ պաշտպանության նախարարը՝ բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաներին և ենթասպաներին, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողներին, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատներին: 

Լուսանկարը՝ Armtimes.com