Այսօր Մեծ Բրիտանիայի և հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպան Քեթի Լիչը (լուսանկարում՝ աջից՝ երկրորդը) այցելել է Երանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ և Բրիտանիայի նորածին թագաժառանգի ծննդյան կապակցությամբ մանկապարտեզին նվիրել խաղալիքներ:
Ինչպես հայտնում է Բրիտանական դեսպանատան հաղորդակցության հարցերով ղեկավար Լիլիթ Քալանթարյանը, երեխաները դեսպանին ընդունել են երգ ու պարով, խնդրել թագաժառանգին և թագավորական ընտանիքին փոխանցել իրենց բարեմաղթանքները:
Դեսպան Քեթի Լիչը նշել է, որ ոգևորված է տեսնել թե ինչպես են բոլորը կիսում Բրիտանացիների հետ թագաժառանգի ծննդյան ուրախությունը: Նա ասել է, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց որդու ծննդյան կապակցությամբ որոշել են խուսափել հասարակությունից նվերներ ընդունելուց: Նրանք կարծում են, որ հանրության մեծահոգությունը պետք է ուղղված լինի առավել կարիքի մեջ գտնվող մարդկանց: Ուստի այն անձինք ովքեր կցանկանան նվեր անել նորածին արքայազնին լավ կլինի, որ դա տրամադրեն իրենց երկրում ապրող անապահով որևէ երեխայի:
Այդ կապակցությամբ Երևանում Բրիտանական դեսպանատունը տեղադրել է նվերների տուփ: Նորածին թագաժառանգի անունով ստացված ցանկացած նվեր կհավաքվի այստեղ և կտրամադրվի Հայաստանում ապրող որևէ անապահով ընտանիքի երեխայի: