Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը, համայնքային խմբերի ճնշման տակ գտնվելով, խնդրել է իրեն 90 օր տրամադրել՝ չգործող հրշեջ կայանը հայկական թանգարանի և մշակութային կենտրոնի վերածելու իր ծրագրերը հանրությանը մանրամասնորեն ներկայացնելու համար, հայտնում է Los Angeles Daily News-ը:
«Մենք պետք է ավելի լավ բացատրեինք, թե ինչ ենք ուզում անել, – ասել է քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քորեցը: – Մի շարք մարդիկ առարկություններ են ներկայացրել, և մենք կփորձենք դրանց պատասխանել»:
Քորեցը Քաղաքային խորհրդի կողմից թույլտվություն է ստացել Բալբոա պողոտայում գտնվող հրշեջ կայանը 50 տարի ժամկետով, տարին 1 դոլարով վարձակալությամբ հանձնել Հայկական մշակութային հիմնադրամին:
Հիմնադրամը դրա դիմաց պարտավորվել է բարեփոխումների վրա շուրջ 1 միլիոն դոլար ծախսել, ինչպես նաև՝ ապահովել տարածքի անվտանգությունը:
Նախագծի քննադատներն ասել են, որ ավելի լավ կլիներ՝ սեփականությունը վաճառեին մասնավոր կառուցապատողներին՝ քաղաքին գումար բերելու համար, իսկ քաղաքի դպրոցներից մեկը ցանկություն էր հայտնել օգտագործել հրշեջ կայանի ավտոկայանատեղին:
Քաղաքային պաշտոնյաներն ասել են, որ իրենք տարածքն առաջարկել են այլ մասնավոր և պետական մարմիններին, բայց ոչ ոք այն գնելու ցանկություն չէր հայտնել: