Home / Հայաստան / Դանակահարված վարորդի դեպքը չպետք է օգտագործվի բողոքողների գործունեությունը սահմանափակելու համար. շարժում

Դանակահարված վարորդի դեպքը չպետք է օգտագործվի բողոքողների գործունեությունը սահմանափակելու համար. շարժում

Ուղեվարձի թանկացման դեմ պայքարող «Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցները դատապարտում են որևէ տեսակի բռնություն, վիրավորանք կամ այլ անօրինական քայլ, որն ուղղված կլինի քաղաքացիների, ոստիկանների կամ որևէ այլ մարդու դեմ: Այս մասին ասված է շարժման տարածած հայտարարության մեջ, որում անդրադարձ է կատարվում «Արարատ» կինոթատրոնի հարևանությամբ թիվ 67 երթուղին սպասարկող վարորդ Ալեքսան Ղազարյանի դանակահարությանը:

«Պահանջում ենք, որպեսզի ՀՀ ոստիկանությունը արագ բացահայտի և պատասխանատվության ենթարկի բոլոր մեղավոր կողմերին: Միաժամանակ անթույլատրելի կհամարենք, եթե ոստիկանությունն օգտագործի սույն միջադեպը տրանսպորտային կանգառներում իրենց խաղաղ բողոքի իրավունքն իրացնող քաղաքացիների գործունեությունը սահմանափակելու համար: 

Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, Երևանի բնակիչներս, հիմք ընդունելով իրավունքի գերակայության ու սահմանադրականության սկզբունքները և, առաջնորդվելով բացառապես խաղաղ ու ոչ բռնի պայքարի սկզբունքներով, բոլոր մասնակիցներին կրկին անգամ հիշեցնում ենք, որ տրանսպորտի թանկացման դեմ մեր պայքարը կրում է խաղաղ բնույթ և ընթանում է իրավունքի գերակայության շրջանականերում, ուստի կոչ ենք անում բոլորին գործել միմիայն իրավունքի ու քաղաքացիականության սահմաններում՝ հարգելով միմյանց իրավունքները և ազատությունները», – նշում են հայտարարության հեղինակները: