Վեց օր շարունակ Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բնակիչների մի խումբ շրջափակում է բակի 80 քմ-ոց կաթսայատունը և թույլ չի տալիս «Լարկո Գրուպ» անունով կառուցապատող ընկերության ներկայացուցիչներին քանդել այն:
Epress.am-ի թղթակիցի հետ զրույցում բակի լիազոր, ՀՀԿ-ական Անաիդա Հովսեփյանը պատմել է, որ կառուցապատողը 5 օր շարունակ փորձել է քանդել կաթսայատունը, սակայն, բնակիչների դիմադրությանը հանդիպելով, այսօր առավոտից՝ 08:30-ից, բակ է եկել մի քանի տասնյակ հատուկ ջոկատայինների և ոստիկանների ուղեկցությամբ:
Մեր նկարահանման պահին՝ 10:30-ի սահմաններում, կաթսայատունը չորս կողմից շրջապատված է եղել հատուկ ջոկատայիններով, որոնք, ըստ ընկերության տնօրեն Գագիկ Հախվերդյանի, պետք է հսկեին, որպեսզի ոչ ոք չխանգարի շինարարության մեկնարկին: Մարդիկ, սակայն, նստել էին կաթսայատան պաետրի տակ՝ թույլ չտալով, որպեսզի աշխատանքներ սկսվեն:
Ըստ նախագծի՝ կաթսայատան վայրում պատրաստվում են բազմաֆունկցիոնալ 6 հարկանի շենք կառուցել: Կառուցապատողը ցանկանում է 230 քմ մետր մակարես օգտագործել, որի դեպքում, սակայն, փակվելու է նաև բակ տանող մեքենայի ճանապարհը:
«Ոչ միայն կաթսայատունն են գնել, այլև միակ ստրատեգիական ճանապարհը ու մեզ դուրս են շպրտում այդ ճանապարհից: Ինչ-որ Գ. Մանուկյան՝ անհայտ ճարտարապետ, նախագիծ է գծել, և օդում թևերով ու լայն բացվածքով դղյակ է նկարված: Մեզանից խլում են հրշեջի, շտապ-օգնության ճանապարհը: Մեզ վրա ոստիկաններ է բերում ու ասում է՝ «դուրս եկեք ճանապարհից», ստացվում է՝ ճանապարհն էլ է իրենը: Ուզում եմ իմանալ՝ ո՞վ ա այդ չինովնիկը, որ ճանապարհը վաճառում ա օտարերկրացուն», – պատմել է Անաիդա Հովսեփյանը:
Շենքի բակում հավաքված բնակիչները նշել են, թե ամեն միջոց կիրառելու են՝ իրենց բակը պաշտպանելու համար: Մեր թղթակցի հետ զրույցում բնակիչները պատմել են, թե ամենից շատ վրդովվել են, երբ բակում տեսել են «կարմիր բերետներին»:
Բողոքողները նաև ասել են, որ կառուցապատողն իրենց հին նախագիծ ու անօրինական փաստաթղթեր է ներկայացնում, սակայն պնդում է, թե ամեն ինչ օրինական է և քաղաքապետը ստորագրել է:
««Լարկո-գրուպ-ը» մեր դեմ ոստիկաններ է բերել, չենք հասկանում՝ ի՞նչ է, մենք խուլիգաննե՞ր ենք: Մենք ընտրել ենք Սերժ Սարգսյանին ու իրենից ենք պահանջում՝ եթե մեր հարցը չլուծի, մենք գնալու ենք մինչ Եվրադատարան», – ասել է Հովսեփյանը:
Բնակիչներից մի քանիսն էլ հայտարարել են, որ թեև իրենք չեն ընտրել Սերժ Սարգսյանին, սակայն պահանջելու են կասեցնել ապօրինի գործունեությունը, այլապես իրենք պայքարի այլ ձևեր կմշակեն:
Բնակիչներից մեկը նշել է, որ 5 օր շարունակ քնում է բակում, և շարունակելու է այնքան ժամանակ մինչև կաթսայատունը քանդելու փորձերը չդադարեն: