«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունն իր գոհունակությունն է հայտնում Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի կապակցությամբ և ողջունում է այն հետևողական աշխատանքը, որի շնորհիվ Հայաստանը և Եվրոպական միությունը մոտեցել են հարաբերությունների խորացման և զարգացման կարևորագույն, շրջադարձային փուլի։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
«Մենք լիահույս ենք, որ հայկական կողմը ըստ ժամանակացույցի կնախաստորագրի համաձայնագիրը, որը հնարավորություն կտա մոտ ապագայում առողջացնել Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերը, որակական փոփոխությունների ենթարկել Հայաստանի քաղաքացիների կյանքը, կանխել ժողովրդագրական գործընթացների բացասական միտումները, զարգացման նոր մակարդակի վրա բարձրացնել Հայաստանի հարաբերությունները մերձակա հարևանների և ռազմավարական գործընկերների հետ։
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը մշտապես դիտարկել է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը որպես ՀՀ ռազմավարական առաջնահերթություն, որի տրամաբանական հանգրվանը պետք է լինի անդամակցությունը Եվրոպական միությանը», – նշում են հայտարարության հեղինակները։
«ԱԴ»-ն մտահոգություն է հայտնում ՀՀ եվրաինտեգրման դեմ ծավալվող հակաքարոզչության վերաբերյալ, որը հաճախ զուրկ է հիմնավորումներից և նպատակ ունի մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին։ Այդ միտումները չեզոքացնելու համար գործող իշխանություններից պահանջում են հրապարակել բանակցության առարկա հանդիսացող փաստաթղթերը, ինչը կնպաստի հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
«Միևնույն ժամանակ փաստում ենք, որ առանց ՀՀ իրական ժողովրդավարացման և տնտեսության ազատականացման` անհնարին է ակնկալել ՀՀ քաղաքացիների համար շոշափելի դրական փոփոխություններ և օգտվել եվրաինտեգրման ընձեռած զարգացման հնարավորություններից», – ասված է հայտարարության մեջ: