Հայաստանցի երիտասարդը չի կարողացել հանդուրժել ընկերուհու ներկայությամբ երկու կիևցիների՝ իր հասցեին հնչեցրած վիրավորանքները և դանակով հարձակվել է նրանց վրա: Այս մասին հայտնում է New Region գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Կիևի սուպերմարկետներից մեկում: Ինչպես հաղորդում է NR-ն, ձուկ գնելիս մայրաքաղաքի հյուրը կոպիտ կերպով իր դժգոհությունն է հայտնել խանութի գանձապահին, իսկ հերթում կանգնած ուսանողներից մեկը նրան նկատողություն է արել:
Երբ ուսանողները դուրս են եկել խանութից, նրանց ու հայաստանցու միջև կրկին վեճ է բռնկվել: Պարզվել է՝ երիտասարդին դուր չի եկել, որ իրեն նկատողություն են արել ընկերուհու ներկայությամբ:
Այնուհետև, թվում էր, կոնֆլիկը հարթվել էր, բայց երբ ուսանողներն արդեն մոտենում էին իրենց հանրակացարանին, հայաստանցին հասել է նրանց՝ դանակը ձեռքին: Նա դանակի երկու հարված է հասցրել երիտասարդներից մեկի կրծքին, մի հարված՝ ազդրին, իսկ երկրորդին ծանր վիրավորել է որովայնի շրջանում, այնուհետև թաքնվել դեպքի վայրից:
Դատարանում հանցագործն իր մեղքը չի ընդունել, բայց քանի որ նրան նկարահանել էին խանութի հսկիչ տեսախցիկներն ու ճանաչել վկաները, նրան չի հաջողվել խուսափել պատասխանատվությունից: Կիևի շրջանային դատարանը Հայաստանի քաղաքացուն դատապարտել է 7 տարվա ազատազրկման: