Home / Տեսանյութեր / Միջադեպ դատարանում Արտակ Նազարյանի գործով նիստից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միջադեպ դատարանում Արտակ Նազարյանի գործով նիստից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով Վերաքննիչ դատարանի շենքում երեկ կայացած դատական նիստից առաջ միջադեպ է գրանցվել:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում պատմել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզրիյանը, հսկիչ անցակետի մոտ քաղաքացիական հագուստով մի կին սկսել է շտապեցնել տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանին՝ պահանջելով ավելի արագ բացել պայուսակը: Նազարյանը, ով զոհված Արտակ Նազարյանի քույրն է, կնոջը խնդրել է ներկայանալ, իսկ վերջինս հրաժարվել է ասել անունն ու պաշտոնը: Նազարյանը հանել է լուսանկարչական սարքը և փորձել է լուսանկարել կնոջը, սակայն վերջինս մի քանի անգամ քաշել է Նազարյանի ձեռքից, որից հետո կողմերի միջև վիճաբանություն է սկսվել: Կինն այդպես էլ չի արձագանքել Ծովինար Նազարյանի պահանջներին և չի ներկայացել: Հետագայում տուժող կողմի ներկայացուցիչներին հաջողվել է պարզել դատարանի աշխատակիցներից, որ կնոջ անունը Էլեն Հակոբյան է (լուսանկարում), իսկ թե ինչ պաշտոն է զբաղեցնում դատարանում, չի նշվել:

Տեսանյութը՝ Արման Վեզիրյանի  

Նիստի ժամանակ տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը բացարկ է հայտնել մեղադրող Հարություն Հարությունյանին՝ նշելով, որ վերջինս նախաքննության ժամանակ կատարել է «հարյուրավոր մեծ ու փոքր անօրինականություններ»: Դատավորների եռյակը՝ Գրիշա Մելիք-Սարգսյանը, Կարինե Ղազարյանը, Հենրիկ Տեր-Ադամյանը, որոշում են կայացրել հետաձգել բացարկի քննարկումը: 

Մարտիրոսյանը, ինչպես նաև ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի փաստաբանը միջնորդել են նաև, որպեսզի գործը քննվի վերաքննության և ոչ թե վճռաբեկության կարգով:

Նշենք, որ գործն այս պահին քննվում է Վճռաբեկ դատարանում գործերի քննության կանոններով, այսինքն՝ դատարանը նոր ապացույցներ չի ընդունելու և հիմնվելու է եղած փաստերի վրա: Արձագանքելով կողմերի միջնորդությանը՝ դատավորները նշել են, որ կլսեն վերաքննիչ բողոքները, և եթե համարեն, որ դրանցում նոր և հիմնավոր փաստեր կան, կփոխեն քննության կարգը վերաքննիչի:

Կողմերի բողոքները լսելուց հետո, դատավորները հետաձգել են նիստը: Այն շարունակվելու է այսօր՝ ժամը 14:30-ին:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղավոր է ճանաչել և դատապարտել է Հակոբ Մանուկյանին՝ 10 տարի ազատազրկման, Վահագն Հայրապետյանին, Մխիթար Մխիթարյանին և Ադիբեկ Հովհաննիսյանին՝ 4 տարի  ազատազրկման և Հարութիկ Կիրակոսյանին՝ 3 տարի ազատազրման: Տուժող կողմը պնդում է, որ Արտակ Նազարյանն ինքնասպան չի եղել, նրան սպանել են: Ռուբեն Մարտիրոսյանը բազմիցս բարձրաձայնել է գործում խախտումները: Դրանք տեղ են գտել նաև Վերաքննիչ բողոքում: