Ո՞ր ուղղությամբ պետք է շարժվի Հայաստանը՝ դեպի Եվրոպա, թե՞ դեպի Ռուսաստան: Նախկին քաղբանտարկյալն ու նախկին պատգամավորը թեժ վիճաբանության ընթացքում համաձայնության չեն եկել:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը հորդորում է «խոշորացույցով չնայել» Ռուսաստանում հայերի խոշտանգման դեպքերին: Այս մասին նա հայտարարել է Ռուսատանում բնակվող հայերի նկատմամբ ճնշումների թեմայով այսօր կայացած մամուլի ասուլիսին:
Նա չի հերքել, որ հայերի դիակները բերվում են Ռուսատանից գրեթե ամեն օր, սակայն դա բնական է համարել, քանի որ այնտեղ ավելի քան մեկ միլիոն հայ է բնակվում, և մահը բնական ժողովրդագրական ցուցիչ է: Արշակյանը նշել է, որ վարորդ Հրաչյա Հարությունյանի՝ խալաթ հագցնելու պատմությունը ևս ուռճացվել է, քանի որ բոլոր հիվանդանոցներում նման խալաթներ են օգտագործում:
Արշակյանը խորհուրդ է տվել նաև Ռուսաստանից ակնկալիքներ չունենալ, այլ փորձել տեսնել այն բազում խնդիրները, որ կան Հայաստանի ներսում:
Նախկին պատգամավորի վերոնշյալ կարծիքների հետ չի համաձայնել և նրան բավական զայրացած հակադարձել է ասուլիսի մյուս բանախոսը՝ Ազգային միացյալ նախաձեռնության համակարգող, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը (2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո բանտում է անցկացրել 1,1 տարի): Նա կարծիք է հայտնել, որ եթե Հայաստանում կան խնդիրներ, դա չի նշանակում, թե չպետք է չնկատել այն արհամարհանքը, որ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կա Ռուսաստանում:
«ԱՄՆ-ում նախագահին խփեցին, բայց ԱՄՆ-ի քաղաքացուն դրսում վիրավորելու դեպքում պետությունը բողոքի նոտա է ուղարկում», – ասել է Շանթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները չեն կարող բողոքել, քանի որ ռուսական իշխանությունների կողմից են նշանակված: Բանախոսները շարունակել են վիճաբանել՝ յուրաքանչյուրը պնդելով իր տեսակետը, որից հետո Շանթ Հարությունյանը ներողություն է խնդրել և որոշ ժամանակով դուրս է եկել սենյակից:
Վերադառնալուց հետո նա շարունակել է խոսել Ռուսաստանի մասին՝ ընդգծելով, որ չկա պետություն, որն այլոց հետ հարաբերություններում որոշակի լծակներ չօգտագործի, բայց ամեն պետություն իր արժեքների համաձայն է այդ լծակները ընտրում:
«Ռուսական կայսրությունը Հայաստանում սկսեց ծխական դպրոցներ բացել, մինչ այդ հայերը բառիս բուն իմաստով անգրագետ էին: Սովետական Հայաստանում 300 հազար տպաքանակով թերթ էր տպվում, մինչդեռ մինչ այդ Թիֆլիսում անգամ չկար 300 թերթ կարդացող, որ հայկական թերթ բացեին: Ռուսների այս քայլերի դեմ ոչ ոք չի կարող խոսել, սակայն հիմա քաղաքակրթությամբ թուրքը ռուսից ավելի բարձր է: Երբ կայսրությունը կորցնում է հումանիզմը, իր գերազանցությունը սկսում է ընգծել խալաթ հագցնելով, սկսում է բռնության դիմել», – հայտարարել է Հարությունյանը:
Լրագրողները բանախոսներին խնդրել են նաև պատասխանել հարցին, թե որ ուղղությամբ պետք է շարժվի Հայաստանը՝ Եվրասիական միությա՞ն, թե՞ Եվրամիության:
Աղասի Արշակյանը հիշեցրել է, որ ինքը միակն է եղել, ով 1992 թվականին դեմ է եղել Եվրախորհրդին միանալուն: Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանը պետք է մտնի ռուբլու գոտի, և ազգային արժույթ Հայաստանին պետք չէ: Նրա խոսքով՝ Եվրոպա մտնելու դեպքում Հայաստան կգան հայերի համար խորթ չորս արժեքներ՝ «գեյություն, աղանդավորություն, պոռնկություն և նառկոմանիա»:
Շանթ Հարությունյանն ասել է, որ չկա մի բան, որ խորթ է այս կամ այն ժողովրդին, ուղղակի հայերը առավոտյան մի բան են ասում, երեկոյան՝ հակառակն անում:
«Ես արևմտյան քաղաքակրթությանն եմ կողմնակից, ինչ ֆորմատով դա կլինի, այնքան էլ կարևոր չէ: Կարող է՝ ես մտնեմ Եվրամիություն, ուզեմ փոխել մի բան ներսից»,- ասել է Հարությունյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե «բայց ձեզ կլսե՞ն», Հարությունյանը պատասխանել է.
«Ես պայքարում եմ ֆեոդալական մտածողության դեմ: Եվ ես սաղիդ կրելու եմ»,- ասել է Շանթ Հարությունյանը:
Լուսանկարում՝ բողոքի ակցիա Երևանում ՌԴ դեսպանության շենքի մոտ, ակտիվիստները պահանջում են չոտնահարել Հրաչյա Հարությունյանի իրավունքները