Ադրբեջանական գերության մեջ գտնվող զինվոր Հակոբ Ինջիղուլյանի՝ ադրբեջանական ANS հեռուստաալիքով երեկ հեռարձակված հարցազրույցը խիստ մտահոգել է հայ զինծառայողի ընտանիքին, հարազատներին ու համագյուղացիներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Համացանցում տարածված հարցազրույցում կապտած աչքով հայ ռազմագերին պատմում է, որ վաշտի հրամանատարն իրեն ջրի է ուղարկել: Ինքը հրաժարվել է, հրամանատարը հարվածել է իր աչքին, ինչից նվաստացած կամավոր անցել է ադրբեջանական սահմանը։
Համոզմունք հայտնելով, որ երիտասարդին բռնությամբ և ստիպողաբար են հարկադրել նման հայտարարություններ հնչեցնել, այսօր նրա հարազատներն ու մի քանի տասնյակ համագյուղացիներ հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ։ Նրանք նաև Կարմիր խաչի պատասխանատվության բաժինն են տեսնում ստեղծված իրավիճակի համար։
«Այսքան ժամանակ ոչ ոք չի՞ ցանկանում հանդիպել իմ երեխային, ինչո՞ւ չեն այցելում, ուզում եմ իմ երեխային տեսնել»,- ասել է զինվորի մայրը՝ Գայանե Ինջիգուլյանը։
«Ազատություն» ռադիոկայանը նշում է, որ Կարմիր խաչի գրասենյակի դիմաց նստած մոր վիճակը պարբերաբար վատանում էր, նա դժվարությամբ էր խոսում:
Ընտանիքը վստահ է, որ հայ զինծառայողը ճնշումների տակ է նման հայտարարություններ արել՝ վկայելով, որ ծառայության հետ կապված որևէ խնդիր երիտասարդը չի ունեցել։
«Մենք բացառում ենք դա, տեսանյութում իր ժեստերը, ինքը՝ ինքը չէր: Դա արվել է ստիպողաբար: Մենք չգիտենք նրա հետ ինչպես են վարվում, շատ հետաքրքիր է՝ նրա մարմնի վրա կա՞ն կապտուկներ, թող դա էլ ցույց տային… ուղղակի Ադրբեջանի համար սա շոու է»,- ասել է զինվորի զարմուհին՝ Արփինե Դիլանյանը։
Դժգոհելով այն փաստից, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռևս զինվորին չեն այցելել՝ նրա հայրը՝ Գևորգ Ինջիգուլյանը, ասել է, թե Կարմիր խաչը պետք է հասկանա, որ ամեն րոպեն, ամեն վայրկյանն իր որդու համար մահվան հավասար է:
Գրասենյակի մոտ հավաքվածները պահանջում էին անել հնարավորը կարճ ժամկետում զինվորի վերադարձն ապահովելու համար՝ «ոչ թե տասը տարի հետո կիսամարդ եղած գա, ու այլևս նրան չճանաչենք»։
Դեպքի մասին նախնական պաշտոնական տեղեկատվության համաձայն, զինվորը դիրքերում ծառայությունն իրականացնելու ժամանակ, օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել է Պաշտպանության բանակի և ադրբեջանական զինված ուժերի շփման սահմանագիծը և հայտնվել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Հարազատներն ու համագյուղացիներն այսօր առաջ են քաշել նրան առևանգելու վարկածը:
«Սահմանն անցնելը հեշտ չէ, տարածքը ականապատված է, ոչ մի հասարակ զինվոր չի կարող անցնել։ Եթե նույնիսկ ականապատում չի եղել տվյալ տարածքում, ժամը 7-ին լույս է, եթե ինչ-որ մեկը բարձրանա խրամատի վրա ու ցանկանա պահակակետ անցնել, հաստատ հակառակորդը չի թողնի, հաստատ կկրակի, որովհետև Ադրբեջանը տեղեկություն չունի անցնող զինվորը հետախույզ է, անցնում է դիվերսիա անելու համար, թե հանձնվելու համար…. Երևի եկել տարել են, միակ բացատրությունը դա է, հակառակ դեպքում կկրակեին, կվնասազերծեին», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է զինվորի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը։
Պաշտոնապես նման վարկած առաջ չի քաշվում։ Պաշտպանության նախարարությունը դատապարտում է տեսնայութի տարածումը:
«Դժվարանում եմ ասել, ինչն է նպատակը, բայց մեզ Ադրբեջանի այս մեթոդները շատ ծանոթ են՝ ամեն գնով հասնել հայկական կողմին վարկաբեկող տեղեկությունների տարածմանը,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, – բայց անկախ ամեն ինչից մենք սպասում ենք մեր զինվորի վերադարձին, և անկախ նրանից, թե ինչ է հայտարարում նա այնտեղ, իր նկատմամբ քրեական հետապնդում չի լինի Հայաստան վերադարձի դեպքում։ Հակառակորդի մոտ գտնվող զինվորի ասածը երբեք չի կարող լինել հիմնավոր»։