Home / Հայաստան / Հայաստանում ճշտում էին՝ արդյոք կացին ունեմ. հարցազրույց գրողի հետ

Հայաստանում ճշտում էին՝ արդյոք կացին ունեմ. հարցազրույց գրողի հետ

Ալեքպեր Ալիև՝ գրող: Ծնվել և մեծացել է Բաքվում: Սովորել է Ստամբուլում: Գրում է ադրբեջաներենով, ռուսերենով և թուրքերենով: Մի տարի առաջ ընտանիքի հետ ստիպված եղավ լքել Ադրբեջանը, քանի որ էլ ցանկություն չուներ որևէ կապ ունենալ երկրի իշխանության, դրա ճնշող մեխանիզմի հետ, հոգնել էր ապրել ահ ու սարսափի մեջ: Հիմա նա ընտանիքի հետ Շվեյցարիայում է: Սովորում է գերմաներեն, պատրաստվում է հերթական գիրքը հրատարակել գերմաներեն լեզվով:

Հայաստանում գրողը հայտնի է խաղաղարար ծրագրերին իր մասնակցությամբ ու «Արտուշ և Զաուր» վեպով: Վեպը պատմում է հայի ու ադրբեջանցու ընկերության և սիրո մասին, ում բաժանել է ղարաբաղյան պատերազմը: Այս վեպի պատճառով հայերի հանդեպ համակրանքի մասին մեղադրանքներին ավելացան նաև նրա նույնասեռականության մասին «բացահայտումները». գրողի հասցեին սպառնալիքներն էլ ավելի ուժեղացան: Ճաղերի ետևում հայտնվելու հեռանկարն անխուսափելի էր, հատկապես՝ «Սարի գելին» վեպից հետո: Երկրում սկսեցին նստեցնել ընդդիմադիրներին, իշխանությանը անհավատարին հրապարակողներին, լրագրողներին, բլոգերներին, ուսանողներին:

– Ո՞րն է Ադրբեջանում ու դրա սահմաններից դուրս գտնվող ադրբեջանցի գրողի միջև տարբերությունը: Քո խոսքը իր կշիռը չի՞ կորցրել:

– Ես ինձ չեմ դասում ադրբեջանցի գրողների շարքին: Ոչ թե այն պատճառով, որ չեմ ուզում Ադրբեջանի կամ ադրբեջանցի ժողովրդի հետ կապ ունենալ, այլ որովհետև այսօր արվեստում սահմաններն ու ազգությունը ոչ մի նշանակություն չունեն: Այլ բան է, որ Ադրբեջանից դուրս ինձ ընթերցողների, գործընկերների ու հրատարակիչների նեղ շրջանակ է ճանաչում, իսկ Ադրբեջանում մնացել է իմ կայուն ընթերցողների լսարանը:

Խոսքը չի կարող իր կշիռը կորցնել, եթե այն ասվել է ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում, ունի կոնկրետ հասցեատեր և նպատակ: Ու տարբերություն չկա՝ որտեղից է այն ասվել: Երկրի սահմաններից դուրս սկսում ես ավելի ու ավելի քիչ կենտրոնանալ դրա խնդիրների վրա: Ուզում ես, թե ոչ, սկսում ես ազատվել տեղայնությունից, մաքրվել, փորձում ես հասկանալ նոր միջավայրն ու սովորել դրան:

Այստեղ ես շարունակում եմ գրել, լեզուն սովորել ու զբաղվել առօրյա կյանքով: Կարծում եմ՝ շուտով ինձ կսկսեն չանհանգստացնել Ադրբեջանի ներքին խնդիրները: Ցավոք կամ բարեբախտաբար, ամեն ինչ հենց դրան էլ տանում է: Երկրի խնդիրներն ինձ անլուծելի են թվում: Ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ՝ Ադրբեջանը, ու մեր տարածաշրջանն առհասարակ, ճահիճ է: Ընդհանրապես ամեն ինչ՝ պատերը, մարդիկ, իշխանությունը, խեղդում են մարդուն: Կոնկրետ Բաքվի մասին կարող եմ ասել, որ այդ քաղաքում կենտրոնացած է սև էներգետիկա: Սեփական փորձից եմ ասում՝ այդ քաղաքում հնարավոր չէ լիաթոք շնչել: Երկիրը մաքրման կարիք ունի, որը տեսանելի ապագայում ոչ ոք ի վիճակի չի լինի իրականացնել:

– Ինչո՞ւ ես դադարել մասնակցել հայերի և ադրբեջանցիների հաշտեցման ծրագրերին:

– Ինձ էլ չեն հրավիրում: Երևի եկել են այն կարծիքին, որ ինձնից ոչ մի օգուտ չկա: Եթե անկեղծ լինեմ, ես խաղաղարար ծրագրերին մասնակցելը պարտադիր չեմ համարում: Դա միշտ ընկերներին տեսնելու, խմելու և զրուցելու հնարավորություն է, ոչ ավելին: Խաղաղարարությունը պետք է մարդու խոսքերում և գործողություններում լինի: Այսօր շատ հեշտ է պացիֆիստ դառնալ՝ պարզապես ընտանիքիդ, ընկերներիդ ու գործընկերներիդ մեջ չես սերմանում հայատյացությունը, չես վստահում հայ արնախումների մասին սարսափելի պատմություններին, ու դու նորմալ, առողջ մարդ ես: Միայն այսպես յուրաքանչյուրը կարող է իր ավանդն ունենալ ազգերի հաշտեցման գործում: Պետք է քեզանից սկսես:

– Հայաստանում քեզ ի՞նչն է ավելից շատ նյարդայնացրել կամ նյարդայնացնում:

Երեք կարճ ճանապարհորդությունները Հայաստանում նյարդայնացնող երևույթների մասին կտրուկ դատողություններ անելու համար բավական չեն: Այո, շատ նյարդայնացնող իրավիճակներ են եղել: Օրինակ, իմ ելույթի ժամանակ դահլիճից հնչեցված վիրավորական արտահայտությունները: Մյուս կողմից՝ ես հասկանում էի, որ իմ առջև նստած էին ուղեղները լվացած մարդիկ, և նրանց ինչ-որ բանում մեղադրել չէր կարելի: Հատկապես, որ դա այն ժամանակաշրջանն էր, երբ Ռամիլ Սաֆարովը հենց նոր կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, և որոշ հայեր հրաժարվում էին հասկանալ իմ ու Էլմիր Միրզոևի այցը իրենց քաղաք: Այդ պատճառով, ուզում էին ճշտել՝ արդյոք մեջքիս հետևում կացին չունեի:

– Ո՞րն է սկզբունքային տարբերությունը հայերի և ադրբեջանցիների, երկու երկների հասարակությունների միջև:

Ես այդ թեմայով շատ եմ գրել ու խոսել, շատ զուգահեռներ եմ անցկացրել՝ նրանց միջև տարբերություն չկա: Կխոստովանեմ՝ ինձ դուր է գալիս այդպես մտածել, այդպես խոսել՝ չնայած հավատքի, լեզվի ու ազգային պատկանելիության տարբերությանը: Բայց ուշադրություն դարձրեք, այս ամենը բանահյուսական երևույթ է: Իսկ բանահյուսությունը չի կարող ու չպետք է տարաձայնություն ու թշնամություն հրահրի: Դա ուղղակի ծիծաղելի է:

Երբ ես ասում եմ, որ «ադրբեջանցիների ու հայերի միջև տարբերություն չկա», և Ադրբեջանում, և Հայաստանում սկսում են վրդովմունքից հառաչել: Դա ինձ հաճույք է պատճառում: Եվ ես ասում եմ՝ «Ահա իմ խոսքերի ևս մեկ ապացույց: Դուք իսկապես միանման եք, եթե վիրավորվում եք միմյանց հետ համեմատությունից»:

-Ինչո՞ւ պետք է հայերն ու ադրբեջանցիները հաշտվեն:

– Հետաքրքիր հարց է: Այն կարելի այլ կերպ ձևակերպել՝ ո՞վ է նրանց թույլ տալու հաշտվել: Ինքներդ մտացեք: Ովքե՞ր են հայերն ու ադրբեջանցիները, որ որոշեն՝ ապրելու են խաղաղության ու համաձայնության մեջ, թե՝ ոչ: Կամքի արտահայտումը մեր ազգերի համար մեծ ճոխություն է: Դրա հետ, իմ կարծիքով, ոչ ոք չի վիճի:

Քանի դեռ հայերն ու ադրբեջանցիները գտնվում են արտաքին ու ներքին ազդեցություններից կախվածության մեջ, ատելությունը կաճի, ու տարածաշրջանում խաղաղություն երբեք չի հաստատվի: Գոնե այնքան ժամանակ, քանի դեռ դա շահավետ չէ Կրեմլի ու Պետդեպի մեր տերերի համար:

– Կրեմլի ու Պետդեպի մասին խոսակցությունների հետևում թաքնված չէ՞ մարդկանց ու հասարակության մեղքը երրորդ ուժերի վրա դնելու ցանկությունը: 

Դա դավադրության տեսություն չէ, այլ ակնհայտ ճշմարտություն: Այնքան ակնհայտ, որ ես անգամ անհարմար եմ զգում դա ապացուցող փաստարկներ բերել: Դու չես հավատում չէ՞ «զարգացման ինքնիշխան եղանակին», «ինքնուրույնությանը» ու «անկախ քաղաքականությանը»: Իմիջիայլոց, այս հեքիաթները նույնպես պատրաստվել են Կրեմլի խոհանոցում և լայնորեն կիրառվում են ծայրամասերում: Մայրաքաղաքը, մի փոքր վերափոխվելով, շարունակում է մնալ մայրաքաղաք: Ինչ վերաբերում է Պետդեպին, հենց նրա «մարդու իրավունքների» ու «ժողովրդավարության» ասեղի վրա էլ նստած է ամբողջ տարածաշրջանը: Չափաբաժինը կարգավորվում է «Մարդու իրավունքների ու խոսքի ազատության» վերաբերյալ ամենամյա զեկույցի տեսքով:

Մի կարծիր, թե ես հայերի ու ադրբեջանցիների ուսերից իջեցնում եմ պատասխանատվությունը՝ նրանց որպես հրեշտակներ ներկայացնելով: Քառորդ դար տևած այս հակամարտությունում առաջին հերթին մեղավոր են հենց նրանք

– Եթե պատկերացնենք, որ կողմերը կկարողնանան լուծել իրենց բոլոր խնդիրները, նրանց ինչի՞ն է պետք հաշտեցումը: 

Դե այս փիլիսոփայական թեման ցանկալի է քննարկել լավ մարդկանց շրջանում՝ կասյակը ձեռքին:
«Մեր ազգերի ինչի՞ն է պետք հաշտվելը»: Կարող են ընդհանրապես չհաշտվել, ինչն էլ նրանք արդեն երեսուն տարի է անում են: Ինձ համար ինչ-որ մեկ է: Եվ ոչ միայն ինձ համար: Հարևանների հետ շփման կարիքը մեզնից յուրաքանչյուրը յուրովի է բավարարում: Աշխարհում ոչ մի տեղ ընկերության, միասին աշխատելու կամ անգամ ամուսնանալու մասին որոշում կայացնելիս հայերն ու ադրբեջանցիները հետ չեն նայում: Բայց եթե այս ազգերի համար հարմար է արտասահմանում ապրել խաղաղության մեջ, անհատ կարգով, բայց տարածաշրջանում թշնամություն անել ու ամբողջովին հերքել մեկը մյուսին, դա նրանց ընտրությունն է, նրանց ճակատագիրը, նրանց դժբախտությունը: Վերջիվերջո, ամեն խաղաղարար երբևէ հոգնում է ու լվանում ձեռքերը:

– Ինչպիսի՞ Հարավային Կովկաս, ինչպիսի՞ Ադրբեջան դու կվերադառնաս:

Ես վստահ չեմ, որ երբևէ կվերադառնամ Ադրբեջան: Ներկայումս ընդհանրապես չեմ պատրաստվում: Երեք պետություններից ընկերներիս, գործընկերներիս հանդիպելու համար պարբերաբար գնում եմ Վրաստան: Կարոտել չի ստացվում՝ դրա համար ժամանակ ու պատճառ չկա:

Հարավկովկասյան համադաշնության համար այլընտրանք չեմ տեսնում: Այդ մոդելը մեր ուտոպիան է, թեման, որի մասին չեմ ցանկանում վիճել, միտք, որը չեմ ցանկանում հիմնավորել: Ես այդ համադաշնությունը կտեսնեմ, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա:

– Ղարաբաղը ո՞ւմն է:

– Հակամարտության պատմական կողմը ինձ, որպես խելամիտ մարդու, ընդհանրապես չի հետաքրքրում: Ինչո՞ւ են այս գաղափարները իրարամերժ: Այն պատճառով, որ խելամիտ մարդն իր ապագան չի զոհաբերի պատմական իրավունքի մասին ինչ-որ կասկածելի առակների համար: Հետաքրքիր չէ ու վերջ:

Թող Ղարաբաղը դառնա Հարավկովկասյան Համադաշնության մայրաքաղաքը, այդ ժամանակ այսպիսի հարցերի կարիք էլ չի լինի: Այսօր այն ոչ մեկինն էլ չէ:

Հարցազրույցը վարել է Յուրի Մ-ն