Քաղաքապետարանի մոտ նստացույց անցկացնող ակտիվիստները դժգոհ են ոստիկանության գործելաոճից, պահանջում են տեսանյութեր հրապարակել, որոնք իրենց նկատմամբ ոնտձգությունների փաստեր են պարունակում:
Հուլիսի 26-ից Երևանի քաղաքապետարանի շենքի հարակից տարածքում նստացույց անող ակտիվիստներ Սուրեն Սահակյանը, Վահագն Մինասյանը և Գոռ Առաքելյանը քաղաքապետարանից պահանջում են հրապարակել տարածքի տեսագրությունները, որոնք, ըստ ակտիվիստների, փաստեր են պարունակում այս ընթացքում ակցիայի մասնակիցների և համախոհների դեմ կատարված ոտնձգությունների մասին, որոնք վնաս են պատճառել մարդկանց կյանքին և առողջությանը, գույքին և արժանապատվությանը:
«Մասնավորապես, քաղաքապետարանի շենք ազատ ելումուտ ունեցող անձինք հայհոյել, այլ դեպքում՝ հարվածել են նստացույցի վայրում ներկա քաղաքացիներին, մեր բացակայությունից օգտվելով գողացել են նստացույցի պահանջներով պաստառները, նստացույցի մասնակիցներից Վահագն Մինասյանի ձեռքի ժամացույցը։
Քանի որ այս աղաղակող փաստերը կատարվել են Երևանի քաղաքապետարանի կողմից տեսահսկվող տարածքում, ուստի Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետի, տնօրինում է կատարված հանցագործությունների մասին վկայող փաստեր, որոնք թույլ կտան բացահայտել հանցագործներին և իրավախախտներին։ Հետևաբար, պահանջում ենք հրապարակել հուլիսի 26-ից առ այսօր Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում կատարված իրադարձությունների բոլոր տեսագրությունները»,-ասված է նստացույցի մասնակիցների դիմում-հայտարարության մեջ:
Ակտիվիստների համաձայն, ոստիկանությունը գործում է ոչ արհեստավարժ՝ գործունեության հիմնական շեշտը դնելով ակցիայի մասնակիցների կյանքի և առողջության պահպանման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների տեղադրումն արգելելու և նրանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու վրա: Այս մասին է վկայում նստացույցի աջակիցներից մեկի՝ Միհրան Մելքոնյանի բերման ենթարկելու դեպքը, ինչպես նաև այն, որ քաղաքացի ակտիվիստների` հանցագործությունների մասին բազմաթիվ հաղորդումներով ոստիկանությունը վարույթներ չի սկսել: