Ստամբուլի Սուրբ Երից Մանկանց եկեղեցու հայկական հիմնադրամի խորհրդի առաջիկա ընտրություններում հայ ընտրողների թիվը որոշելու համար հիմնադրամի ղեկավարները խնդրել են իրենց տրամադրել երկրում բնակվող հայերի ցուցակը:
Հիմնադրամն իր խնդրանքը հիմնավորում է այն փաստով, որ պետությունը մանրամասն տեղեկություններ ունի բոլոր ոչ մահմեդականների մասին և տասնամյակներ ի վեր գաղտնի կոդավորման համակարգ է մշակել, որում հայերն անցնում են 2 համարի տակ:
Թուրքիայում լույս տեսնող մի քանի թերթեր, այդ թվում՝ երկլեզու (լույս է տեսնում թուրքերեն և հայերեն լեզուներով) «Ակօս» շաբաթաթերթը, օգոստոսի սկզբին գրել են կոդավորման համակարգի մասին, որը սկանդալի առիթ է դարձել: Հայազգի մի կին, ում ընտանիքը տասնամյակներ առաջ իսլամ էր ընդունել, իմացել է իր արմատների մասին, փոխել է կրոնը՝ դառնալով քրիստոնյա, և իր որդուն ցանկացել է հայկական դպրոց տալ: Սակայն դա հեշտ չէր. Կրթության նախարարությունից ստացած պատասխանից պարզվել է, որ երեխան չի անցնում համար 2 ծածկագրով, ինչպես Թուրքիայի բոլոր հայերը: Նախարարության պաշտոնյաները ծածկագրի մասին հայտնել են պատահաբար, որից հետո լրագրողները հետաքննել են ու պարզել, որ հույներն անցնում են 1 ծածկագրով, հայերը՝ 2, հրեաները՝ 3, ասորիները՝ 4, իսկ 5 համարը տրվել է Թուրքիայում բնակվող բոլոր այլ ոչ մահմեդականներին: Հայտնի է դարձել նաև, որ ծածկագիր թվերն օգտագործվում են բոլոր նախարարությունների փաստաթղթերում:
1923 թվականից օգտագործվող կոդավորման բացահայտումից հետո հայերը որոշել են պետությունից ստույգ տվյալներ ստանալ երկրում ապրող իրենց ազգակիցների քանակի մասին: «Թարաֆ» պարբերականի հետ զրույցում Սուրբ Երից Մանկանց եկեղեցու հիմնադրամի նախագահ Նազար Օզսահակյանն ասել է, որ հայկական համայնքը հայ բնակչության մասին ճշգրիտ ժողովրդագրական տվյալներ չունի: Օզսահակյանի խոսքով՝ ինքը դիմում է ներկայացրել Բնակչության և քաղաքացիության հարցերով Ստամբուլի նահանգային վարչություն՝ պահանջելով իրենց տրամադրել համար 2 ծածկագիրը կրող բոլոր քաղաքացիների ցուցակները:
«Շատ հեշտ է, երբ ընտրություններ ենք անկացնում որոշակի տարածաշրջանում, քանի որ մենք գիտենք այդ տարածքում բնակվող բոլոր հայերին և կարող ենք նրանց առանց բարդությունների գրանցել ընտրողների ցուցակներում: Սակայն, երբ ընտրություններ ենք կազմակերպում ամբողջ Ստամբուլի տարածքում, անհնար է իմանալ քաղաքում բնակվող բոլոր հայերին: Այդ պատճառով մեզ պետք է պետության՝ Ստամբուլում բնակվող հայերի մասին ունեցած տեղեկությունը»,- ասել է հիմնադրամի նախագահը:
Նա նաև նշել է, որ Ստամբուլի վարչության ունեցած տվյալներն իրենց համար հասարակական նշանակություն ունեն. «Մենք մեր ժողովրդագրական հետազոտությունների համար կարևոր տվյալների բազա կունենանք: Օրինակ, կարող ենք պարզել՝ հայերի քանի տոկոսն է ծեր, քանիսը՝ երիտասարդ, արդյոք նրանք ամուսնացած են, թե ոչ»:
Կոդավորման փաստի գաղտնազերծումը, որից ցանկանում են օգտվել հայերը, առաջացրել է Թուրքիայի առաջադեմ մտավորականների, ինչպես նաև կրոնական փոքրամասնությունների խիստ դժգոհությունը: Չնայած առաջացած դժգոհություններին՝ կառավարությունը ոչ մի անգամ համակարգը հերքող հայտարարությամբ հանդես չի եկել: