Երեկ կեսօրից հետո Ամիրյան փողոցում slaq.am լրատվական կայքի տնօրեն Մենուա Հարությունյանի և «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության երեք ակտիվիստների միջեւ ծեծկռտուք է եղել, գրում է Aravot.am-ը:
Միջադեպի մասնակից, ակտիվիստ Հովհաննես Ղազարյանը կայքին պատմեց, որ ծեծկռտուքը սկսվել է իր արտահայտության պատճառով. «Ընկերներով քայլում էինք, պատահաբար տեսանք Մենուային: Ես բարձրաձայն ասացի՝ էս Մենուան ինչ կովի տղա ա, դրանից հետո վիճաբանություն սկսվեց: Մենուա Հարությունյանն ու իր ընկերները՝ մոտ 12 հոգի, հարձակվեցին մեզ վրա ու սկսեցին ոտքով հարվածել»,- պատմել է ակտիվիստը: Նրա ընկերներից Արծրուն Գևորգյանը, որը միջամտել է, որ վիճաբանությունը հարթի, նույնպես ընկել է ծեծկռտուքի մեջ:
Ակտիվիստի խոսքերով՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանները և բոլորին ոստիկանական բաժանմունք տարել. «Մենուա Հարությունյանը ոստիկանական բաժանմունքում հայտարարեց, թե ես սեռական բնույթի հայհոյանք եմ հասցրել իրեն: Վերջնական պարզաբանումներից հետո ոստիկանները ինձ առաջարկեցին բողոք ներկայացնել դատարան մարմնական վնասվածքներ հասցնելու և վիրավորելու համար, բայց ես հրաժարվեցի, այսինքն` դուրս եկավ, որ ես ոչ մի սխալ բան չեմ արել: Մենուա Հարությունյանը նույնպես հրաժարվել է բողոք գրելուց»:
Ոստիկանության կենտրոնի բաժանմունքից դեպքի մասնակիցներին ազատ են արձակել երկու ժամ հետո: Հովհաննես Ղազարյանի խոսքով՝ իրենցից ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել: