Home / Տեսանյութեր / Վարդան Ղուկասյանի կողմից քաղաքացուն ծեծելու փաստի առթիվ քրեական գործ են հարուցել

Վարդան Ղուկասյանի կողմից քաղաքացուն ծեծելու փաստի առթիվ քրեական գործ են հարուցել

Գյումրիի նախկին քաղաքապետի կողմից քաղաքացուն ծեծելու փաստի առթիվ քրեական գործ են հարուցել: Ոստիկանությունը երկար ժամանակ դա չէր անում՝ պատճառաբանելով, որ տուժողը չի բողոքել:

Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի բողոքի հիման վրա ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ: Վերջինս մեղադրվում է քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (Ծեծ): Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով հուլիսի 16-ին կայացած դատական նիստից հետո նախկին քաղաքապետն իրեն ուղեկցողների հետ ծեծի էր ենթարկել մեղադրյալ Հարություն Սարգսյանի հորը՝ Սամվել Սարգսյանին: Միջադեպից հետո Սարգսյանը նախակաթվածային վիճակում ու մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել, վերակենդանացման բաժանմունքում մի քանի օր անցկացրել: Հիվանդանոցում գտնվելու պատճառով էլ Սամվել Սարգսյանը բողոք չէր ներկայացրել, իսկ ոստիկանությունն առանց բողոքի փաստի գործ չէր հարուցում:

Հուլիսի 16-ին նույն դատական նիստի ժամանակ Վարդան Ղուկասյանը նաև վիրավորել էր Լուսինե Սահակյանին, մասնավորապես, «դև» անվանելով: Այս առթիվ փաստաբանը բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար քրեական գործ հարուցելու պահանջով: Տվյալ բողոքի փաստով նյութեր են նախապատրաստվում և քրեական գործ դեռ չի հարուցվել: