Շուրջ վեց ամիս առաջ Լոռու մարզի Կուրթան համայնքում գրանցված անասունների հիվանդությունը, որը ավելի ուշ 5 կենդանու անկման պատճառ է դարձել, առավել սրվել է վերջին 10 օրերի ընթացքում:
Epress.am-ի հետ զրույցում Կուրթանի համայնքապետի տեղակալ Հարություն Կիրակոսյանը ասել է, որ կենդանիները վարակվում են արոտավայր գնալու և գալու ճանապարհին՝ գյուղի երկայնքով ձգվող ցամաքած Գարգառ գետով հոսող կոյուղաջրերից:
«Առավոտյան ու երեկոյան անասուններն էդ ջրից են խմում, դրանից թուլանում են ու մի քանի օր անց հոգիններն ավանդում: Գյուղի անասնաբույժը հաստատել է, որ պատճառը պիրոպլազմոս հիվանդությունն է, որն առաջանում է կեղտաջրերում ապրող տզերից ու տիղմից: Սոդայաջուր ենք խմացնում, բայց ոչ մի օգուտ չկա», – ասել է Կիրակոսյանը:
Համայնքապետի տեղակալը նշել է, թե գետի հիմնական հոսքը կանգնեցրել են, պատվար են դրել, իսկ գետի ջուրն այժմ հավաքվում է ջրավազանում, որպեսզի դրանով մատակարարվի գյուղի մոտակայքում կառուցված ՀԷԿ-ի աշխատանքը:
«12 մետր լայնությամբ գետը գնում էր Կուրթանի միջով՝ մոտ 500-600 մետր, անասունը խմում էր, կոյուղաջրերի վարակը չէր զգացվում, հիմա հոսող ջուր չկա՝ ջուրը կանգնած է, տիղմի մեջ եղած հիվանդությունները գլուխ են բարձրացրել», -ասել է գյուղապետի տեղակալը:
Կիրակոսյանը նաև մտահոգություն է հայտնել, թե գետի այդ հատվածով այլևս ջուր չի հոսելու, իսկ խնդրի լուծման տարբերակներ առայմ իրենք չեն տեսնում:
«Բռունցքով մեխի գլխին կարա՞ս խփես: Գոնե մեկ-մեկ գետի ջուրը թողնեին, մաքրվեր, բայց դա էլ չեն անում: Նամակ ռուսաց թագավորին էլ գրելու ժամանակ չունենք», – եզրափակել է Կիրակոսյանը: