Home / Հայաստան / Բազմազավակ ընտանիքն անժամկետ նստացույց է սկսել, Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բազմազավակ ընտանիքն անժամկետ նստացույց է սկսել, Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանն այսօր ընտանիքի՝ կնոջ և 4 անչափահաս երեխաների հետ միասին այս տարվա ընթացքում արդեն երրորդ նստացույցն է սկսել նախագահական նստավայրի դիմաց:

Խուդոյանի խոսքով՝ այս անգամ ընտանիքի նստացույցն անժամկետ է, պահանջը՝ հանդիպում Սերժ Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ Խուդոյանները բողոքում են իրենց տան կտակի հարցի շուրջ ծագած վեճի քննության ընթացքից, մասնավորապես, քննչական մարմնի կողմից որոշ փաստեր անտեսելուց ու ոչ օբյեկտիվ քննելուց:

Աշոտ Խուդոյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ անժամկետ նստացույց սկսելու որոշումը կայացրել է նրանից հետո, երբ հասկացել է, որ դատախազ Կորյուն Ներսիսյանը ցանկանում է չընդունել կտակը կեղծելու փաստը և չի պատրաստվում գործ հարուցել Խուդոյանի եղբոր՝ Ասատուր Խուդոյանի կողմից կեղծիք կատարելու փաստի առթիվ:

Էջմիածնի բնակիչն ասել է նաև, որ դատախազ Ներսիսյանը և քննիչ Ազատ Գրիգորյանը ձգձգում են գործը, ավելին՝ իրենց ներկայացրած հարցադրումներին պատասխան տալու համար էլ գործողություններ չեն ձեռնարկում:

Նախորդ երկու նստացույցերը Խուդոյանները դադարեցրել էին, քանի որ նախագահականից իրենց խոստացել էին հետևել, որպեսզի դատախազությունը օբյեկտիվ քննություն անցկացնի: 

Հիշեցնենք, որ, ըստ Խուդոյանի, իր քույրն ու եղբայրը կեղծել են պապու կտակը, որպեսզի Խուդոյանների տունը բաժին հասնի երեք եղբայրներին, քրոջը և նրանց մորը, մինչդեռ պապիկը միայն տղաներին է տունը կտակել: Այս կեղծիքներում, ըստ Խուդոյանի, ներգրավված են նաև պետական աշխատողներ, որոնց արարքները չբացահայտելու ցանկությունը ևս խոչընդոտում է արդար քննությունը: