Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար Վարդգես Ղազարյանի՝ վթարի ենթարկվելու դեպքի կապակցությամբ ոստիկանությունում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու առիթով հարուցված գործը կարճվել է հանցադեպի բացակայության պատճառով, գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթը հիշեցնում է, որ դեպքը տեղի էր ունեցել այս տարվա մարտի 19-ին։ Գյուղապետը նշված օրը հրավիրված էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի կողմից Մարտի 8-ի առթիվ կազմակերպված խնջույքին։
Ղազարյանի հարազատները թերթի հետ զրույցում նշել էին, որ նա այդ օրը ալկոհոլ չի օգտագործել, այլ Արտաշատի կամրջի մոտ ինչ-որ մեքենա կտրուկ «դեմը կտրել է»՝ վթարի պատճառ դառնալով։
Երեկ «Ժողովուրդ»–ը պարզել է, որ գյուղապետի եղբայրը՝ Վազգեն Ղազարյանը, տեղյակ չէր, թե եղբոր մահվան առիթով հարուցված քրեական գործը կարճվել է։
«Ինչ ուզում են, թող անեն, ես ինքս կբացահայտեմ այս պատմությունը։ Հո մենակ ոստիկանությունը չի, լիքը մարդիկ կան, որ կարող են դա անել։ Անպայման կբացահայտեմ։ Ոչ մի բան հենց այնպես չի մնում», – ասել է Վազգեն Ղազարյանը։