Այսօր հրապարակվել է «Սթար» սուպերմարկետների ցանցի սնանկության մասին հայտարարությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Սթար» ընկերությունը սնանկ ճանաչելու հայցով դատարան էր դիմել «Պեռնո Ռիկար» ընկերությունը, որին սուպերմարկետների ցանցը պարտք է 71 միլիոն դրամ: Դատարանը բավարարել է հայցը:
«Սթար» սուպերմարկետների ցանցի սնանկության գործերով կառավարիչ Արման Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ «Սթար»-ի բոլոր պահանջատերերը իրենց պահանջները պետք է ներկայացնեն դատարան, ինչից հետո` մեկ ամսվա ընթացքում դատարանը կհաստատի պարտատերերի ցանկը:
Նրա խոսքով՝ այս ամենը չի նշանակում, որ սուպերմարկետների ցանցն անխուսափելիորեն կսնանկանա. «Սթար»-ը վերաքննիչ ատյանում բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը և պատրաստվում է առողջացման ծրագիր ներկայացնել:
«Այնպես չէ, որ միանշանակ մենք ասենք, որ երկու ամսից կամ երեք ամսից կամ չորս ամսից մենք միանգամից դիմելու ենք ու գույքը վաճառելու ենք: Կազմակերպությունը կարող է ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր», – նշել է Արման Սահակյանը:
«Սթար»-ը, մինչդեռ, ճգնաժամի հիմնական պատճառ համարում է մրցակից ընկերությունների գործալաոճը: Առևտրային ցանցի մենեջեր Լիդա Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղարկած գրավոր պատասխաններից մեկում նշում է, թե մրցակից ընկերությունները ներմուծվող առանցքային ապրանքատեսակների մանրածախ և մեծածախ գների միջև գրեթե տարբերություն չեն թողնում, ինչը խանգարում է երկրում մանրածախ առևտրի զարգացմանը:
Թեև պատասխանում չի նշվում, թե որ ընկերությունների մասին է խոսքը, վերջին շրջանում մամուլում շրջանառվում է «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը, որը պատկանում է իշխող քաղաքական ուժի աջակցությունը վայելող պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: Այս ընտանիքին է պատկանում նաեւ «Ալեքս Գրիգ» խոշորագույն ներմուծող ընկերություններից մեկը:
«Երևան սիթի»-ում, ինչպես նաև «ՍԱՍ»-ում, հրաժարվեցին մեկնաբանել երբեմնի մրցակից ընկերության գնահատականները: