Իրենց սոցիալական պայմանները բարելավելու պահանջով մայիսից Ազատության հրապարակում նստացույց անցկացնող ազատամարտիկները հետագա քայլերի մարտավարությունը որոշելիս տարաձայնությունների են հանգել:
Նրանց մի մասը կարծում է, որ ազատամարտիկների շարժումը պետք է տարածել ողջ հանրապետությունում և միավորել բոլոր ազատամարտիկներին՝ հասնելով սոցիալական պայմանների բարելավմանը և պատերազմում զոհվածների ընտանիքների և ազատամարտիկների թոշակների բարձրացմանը: Մյուս մասը համոզված է, որ սոցիալական դաժան պայմանները խնդիր են բոլոր քաղաքացիների համար և պետք է զբաղվել բոլորի խնդիրներով՝ ոչ միայն ազատամարտիկների:
«Մենք կռվել ենք, որ ամբողջ ժողովրդի վիճակը լավ լինի, որ երկիրը բարգավաճի, միայն մեր թոշակը բարձրացնելով հարցը չի լուծվի: Մենք չենք լինի երջանիկ, եթե նույնիսկ մեր երեխաները կուշտ լինեն, սակայն հարևան տատիկը՝ սոված»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Արթուր Բունիաթյանը:
Ըստ նրա՝ պետք է համազգային մոբիլիզացիայի հասնել, որպեսզի բոլորը միավորվեն, պայքարեն իրենց իրավունքների համար: Բունիաթյանի խոսքով՝ կուսակցությունները նույնպես պետք է մի կողմ թողնեն իրենց առանձին շահերը և պայքարեն ժողովրդի համար: Թե ինչ եղանակով է Բունիաթյանը պատկերացնում իրավական պետության ստեղծումը, մեր զրուցակիցը դեռ չի ասել՝ հիմնավորելով, որ եղանակը կորոշվի համախմբումից հետո՝ բոլորի կողմից: Ազատամարտիկը նշել է, որ իրենք բաց են լսելու բոլորի առաջարկները, կարծիքները և տասն օրը մեկ անցկացնելու են հանրահավաքներ, որոնցից հաջորդը կկայանա օգոստոսի 22-ին:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը խնդրի վերաբերյալ այլ կարծիք ունի: Մեզ հետ զրույցում նա ասել է, որ գլոբալ խնդիրեր լուծելու բազում փորձեր արվել են 20 տարիների ընթացքում, սակայն ապարդյուն: Ըստ Ավետիսյանի՝ ավելի իրատեսական է փոքր քայլերով առաջ գնալը:
«Մենք եթե հասնենք մեր նախնական նպատակին՝ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավմանը, դա արդեն փոփոխություն կլինի, կոգևորի շատերին: Այդ պատճառով Ազատամարտիկների խորհուրդը դեռ այդ հարցով է շարունակելու զբաղվել: Երկուշաբթի մենք մեկնելու ենք Վանաձոր՝ մի քանի օր նստացույցն այնտեղ շարունակելու: Այդպես անցնելու ենք բոլոր մարզերով, որպեսզի տեղի ազատամարտիկները ևս նստացույցեր անեն և հետագայում հեշտ կլինի նրանց բոլորին մոբիլիզացնելը»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը: