Home / Տեսանյութեր / Բազմազավակ ընտանիքը դադարեցրեց նախագահականի մոտ անցկացվող նստացույցը. սպասում են խոստումների կատարմանը

Բազմազավակ ընտանիքը դադարեցրեց նախագահականի մոտ անցկացվող նստացույցը. սպասում են խոստումների կատարմանը

Օգոստոսի 15-ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ անժամկետ նստացույց սկսած էջմիածինցի Աշոտ Խուդոյանի ընտանիքն այսօր որոշել է ժամանակավոր դատարեցնել այն:

Դեռ երեկվանից Խուդոյանը նստացույցը դադարեցնելու հորդորներ էր ստանում տարբեր պաշտոնյաներից. նման կոչով բողոքողին դիմել էր ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը, Էջմիածնի ոստիկանապետ Գագիկ Գաբրիելյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Խուդոյանը չէր համաձայնում՝ պահանջելով օրինական ճանապարհով, այն է՝ դատարանի միջոցով լուծել իր խնդիրը:

Այսօր Խուդոյանի մոտ է ժամանել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է: Նրանց ուղեկցել են Էջմիածնի փոխքաղաքապետը, ոստիկանապետը և մի քանի այլ պաշտոնյաներ:

Նրանք մոտ երկու ժամ զրուցել են նախագահականի դիմացի մայթին կնոջ և 4 մանկահասակ երեխաների հետ նստացույց անող Խուդոյանի հետ: Կարեն Գրիգորյանը շարունակաբար հորդորել է Խուդոյանին վերադառնալ Էջմիածին և պաշտոնյաների միջնորդությամբ հանդիպել եղբոր՝ Ասատուր Խուդոյանի հետ՝ վեճը հարթելու համար:

Պաշտոնյաները զրուցում են Աշոտ Խուդոյանի հետ (կենտրոնում)

Պաշտոնյաները նշել են, որ կարիք չկա ընտանեկան վեճը հրապարակային դարձնել և նստացույց անել նախագահանի մոտ, ինչին ի պատասխան Խուդոյանը պնդել է, որ դատախազն ու քննիչն անընդհատ ձգձգում են քննությունը, և չեն բացահայտում կեղծիքը: Կարեն Գրիգորյանը նշել է, որ իր լիազորություններից դուրս է ազդել դատարանի որոշման վրա, սակայն նա կարող է միջնորդել և բանակցության ճանապարհով լուծել խնդիրը:

Երկար զրույցից հետո Աշոտ Խուդոյանը որոշել է հանդիպել եղբորը, սակայն պաշտոնյաները դեմ են եղել նրա խնդրանքին, որպեսզի հանդիպմանը ներկա լինի նաև լրագրող:

Ընտանիքը թողնելով նախագահականի մոտ՝ Խուդոյանը մեկնել է Էջմիածին, իսկ հանդիպման ավարտից հետո Epress.am-ին հայտնել է, որ եղբայրը խոստացել է երեքշաբթի օրը նոտարում ստորագրել փաստաթուղթ այն մասին, որ պապու կողմից կտակած տան վերաբերյալ որևէ պահանջ չունի: Խոստումը ստանալով՝ Խուդոյանը վերադարձել է Երևան ընտանիքի հետևից՝ որոշելով ժամանակավորապես դադարեցնել նստացույցը և փաստաթղթի ստորագրման դեպքում վերջնականապես կասեցնել այն:

Նշենք, որ նախագահի նստավայրի մոտ 1 օր տևած բազմազավակ ընտանիքի նստացույցը զարմանալիորեն չի արժանացել ԶԼՄ-ների հետաքրքրությանը: Թեև որոշ ԶԼՄ-ներ լուսաբանում էին նախագահականի մոտ այսօր կայացած օդաչուների հերթական ակցիան, սակայն լրագրողներն ընտանիքի անդամներին չեն մոտեցել ու չեն հետաքրքրվել բողոքի շարժառիթով: