Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցները դժգոհում են՝ գործարանն արդեն մի քանի ամիս է, ինչ չի վճարում իրենց աշխատավարձերը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Աշխատակիցները պնդում են, որ գործարանն իրենց պարտք է 3-4 ամսվա աշխատավարձ, բայց սա միայն այս տարվա համար, քանի որ նախորդ տարիներից ևս գործարանն աշխատակիցներին կուտակած պարտքեր ունի. 2-3 ամսվա պարտք՝ 2011 թվականից, և 3-4 ամսվա՝ 2012 թվականից։ Ստացվում է՝ մոտ 9 ամսվա պարտք։
Թերթը նշում է, որ գործարանում աշխատակիցների միջին աշխատավարձը տատանվում է 80-150 հազար դրամի միջակայքում։ Ամբողջական պարտքն հսկայական թիվ է կազմում, քանի որ գործարանում 930 աշխատակից կա՝ գործարանի 3 ենթաբաժիններում։
Գործարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը ևս չի ժխտում, որ պարտք են աշխատակիցներին, սակայն, իրենց իսկ խոսքերով, նախորդ տարիներից պարտք չունեն, այլ ընդամենն այս տարվա 2 ամիսների աշխատավարձը չի տրվել։ Ընդհանուր առմամբ, միայն ընթացիկ տարվա պարտքն ավելի քան 100 միլիոն դրամ է կազմում: Գործարանի տնօրինությունը պարտքերի առկայությունը կապում է գործարանի՝ այլ մատակարար կառույցներին ունեցած պարտքերի և այն փաստի հետ, որ գործարանը վնասով է աշխատում:
«Հրապարակ»-ը գրում է, որ մի քանի ամսում գործարանից դուրս է եկել ավելի քան 60 աշխատակից:
Լուսանկարը՝ 168.am