Օգոստոսի 15-ին՝ երեկոյան 20:00-ի սահմաններում, Աջափնյակ համայնքի Սիսակյան փողոցի թիվ 3 վթարային շենքի կողային պատի քարերը սկսել են թափվել:
Բնակիչները, ովքեր իրենց շենքի խնդիրը լուծելու պահանջով երեկ բողոքի ակցիա էին անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ, դեպքի մասին ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները գրանցել են, որ շենքի կողային պատի քարերը գտնվում են թուլացած վիճակում և պարբերաբար թափվում են: Շենքի հիմնական պատերին և բնակարանների ներսում առկա են ճաքեր, շենքի կոյուղագծերը գտնվում են անմխիթար վիճակում, ինչի հետևանքով կոյուղաջրերը հոսում են պատերով` առաջացնելով հակասանիտարական վիճակ: Տանիքի ծածկը վնասված է, ինչի հետևանքով անձրևաջրերը թուլացնում են շենքի կառուցատարրերը:
Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարության կայքը, դեպքի վայրում են գտնվել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար աշխատակազմի կոմունալ բաժնի աշխատակիցները. առաջարկվել է վտանգավոր տարածքը սահմանազատել բետոնե պատնեշով` դադարեցնելու բնակիչների շարժը նշված հատվածով: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին առաջարկվել է գիշերել այլ կացարաններում՝ մինչև հարցի վերջնական լուծումը: Այսօր առավոտյան Epress.am-ի հետ զրույցում շենքի բնակիչներից մի քանիսը նշել են, որ, այնուամենայնիվ, գիշերել են իրենց բնակարաններում:
Նշենք, որ 5-հարկանի շենքը կառուցվել է նախորդ դարի 70-ականների սկզբին, ունի երկու մուտք, 126 բնակարան, 2003 թվականից համարվում է 4-րդ կարգի վթարային աստիճանի շինություն: Երեկ կառավարության շենքի մոտ կայացած ակցիայի ժամանակ Epress.am-ի հետ զրույցում բնակիչներն ասել են, որ թե իրենք ունեն բոլոր փաստաթղթերը, որտեղ նշված է՝ բնակիչների «անհապաղ տեղահանում և բնակեցում», սակայն պատկան մարմիններից ոչ մեկին մինչ օրս այդ խնդիրը չի մտահոգում:
«ԱԺ-ում որոշում կայացրեցին մեր շենքի առավել վտանգավոր իրավիճակում հայտնված ընտանիքներին տեղափոխել և վերաբնակեցնել Սիսակյան նորակառույց շենքում, սակայն Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեմ է արտահայտվել: Ինչի՞ դեմ արտահայտվեց, ինչի՞ արգելեց, եթե հիմա շենքը փլվի, ինչն անխուսափելի է, և մարդիկ մնան փլատակների տակ, պարոն Արդարադատության նախարարի խղճին ո՞նց է ազդելու: Ինչո՞ւ չմտավ մեր դրության մեջ», -ասել է բնակիչներից Ասպրամ Հայրապետյանը: