Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 3 հասցեի բնակիչներին երեկ թույլ չեն տվել մոտենալ Աջափնյակ համայնքում շրջայց կատարող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Ոստիկանները և քաղաքապետի անվտանգությունն հսկող անձինք քաշքշել են վերոնշյալ հասցեի բնակիչ կանանցից մի քանիսին՝ հորդորելով «խելոք» հեռանալ: Այս մասին Սիսակյան 3 այցելած Epress.am-ի թղթակցին այսօր պատմել են շենքի բնակիչները:
Հիշեցնենք, որ վթարային շենքի բնակիչները երկու օր առաջ բողոքի ակցիա էին անցկացրել ՀՀ կառավարության մոտ, իսկ նույն օրը նրանց շենքի պատերի քարերը սկսել էին փլվել:
Գրեթե ամեն օր վաղ առավոտից շենքի բակում հավաքվող և բակում գիշերները լուսացնող բնակիչները մեր թղթակցի հետ զրույցում նշել են, թե տուն մտնելու վախը այնքան է ահագնացել, որ վերջին շրջանում մոռացել են մարդավայել ապրելու մասին:
«Ինչ անկողին, ինչ հիգիենա, գոյատևում ենք դինոզավրերի նման, լուցկու տուփերի պես նեղլիկ բնակարաններում ապրելու տհաճությունը բավական չէ, հիմա էլ փլուզման պատուհասն է կախվել գլխներիս: Քաղաքապետն ասում էր՝ «ընտրեք, բոլորիդ բնակարանների հարցերը կլուծեմ, ընտրեցինք, հիմա էլ գնում ենք քաղաքապետարան, մեր բանի տեղ դնող չկա: Բա ո՞ւր մնացին խոստումները՝ պարոն Մարգարյան, եկեք մեր հալը տեսեք, ի՞նչ ա, մենակ փողերը ուտելո՞վ ա», – բողոքել է բնակիչներից մեկը:
Շենքի բնակիչներից տիկին Ռոզան էլ պատմել է, թե ոստիկաններն ու Մարգարյանի անվտանգության աշխատակիցները այն աստիճան են բարկացրել իրեն, որ ինքը կորցրել է ինքնատիրապետումը:
«Մոտեցել եմ, խնդրում եմ, որ թողնեն մոտենամ Տարոնին, ասեմ՝ տղա ջան, մի հատ էլ մեր շենք արի, ինչո՞ւ ամբողջ Աջափնյակի անունը տալիս եք, թե՝ եկել եք, որ ծանոթանաք համայնքի խնդիրներին, լուծեք դրանք, բայց Սիսակյան 3-ը, որ համայնքի ամենասարսափելի, վտանգավոր կետն է, շրջանցում եք: Մի քանի հաստավիզ ճանապարհս փակել են ու հետ են բրթում: Այն կարգի էի նյարդայնացել ու վիրավորվել, որ մինչ ընտրությունները Տարոնն ինքն էր զոռով մեզ հանդիպում, հիմա արդեն աթոռը տակն ա ու մենք անգամ մոտենալու իրավունք չունենք: Համայնքի քծնողներն էլ մոտեցել համբուրում էին, սկսցեի գոռալ, թե՝ ամոթ ա, Տարոնը ձեր ի՞նչն ա, որ ձեռքերն ու թուշն եք համբուրում, գնացեք ձեր ամուսիններին համբուրեք», – ասել է տիկին Ռոզան:
Բողոքող բնակիչները նաև նշել են, թե քաղաքապետին հանդիպելու հարցում ամենամեծ արգելքը հանդիսացել է իրենց համայնքի թաղապետարանը:
«Մեզանից մի քանի ակտիվներին նախօրոք կանչեցին թաղապետարան, որտեղ թաղապետ Արտավազդ Սարգսյանը հորդորում էր համբերել ու սպասել, մինչև հարցին լուծում կտան, իսկ այդ ընթացքում քաղաքապետը շրջայց էր կատարում ու վայելում թաղամասի քծնող բնակիչների կեղծ ժպիտներն ու ջերմ խոսքերը: Մեզ ապակողմնորոշեցին, որ հանկարծ բողոքի ակցիայով չփչացնենք քաղաքի բնակիչների հոգսերով «տառապող» քաղաքապետի ուրախ տրամադրությունը: Մեզ անհատական կանչում են թաղապետարան ու սպառնում, որ դադարեցնենք ակցիաները, ավելին՝ թաղապետը «խորհուրդ տվեց» կրակի հետ խաղ չանել, այլապես ավարտը անկանխատեսելի կլինի», – պատմել է բնակիչներից մեկը, ով խնդրել է չհրապարակել իր անունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լուսինե Խաչատրյանի