Երևանում մի շարք արվեստագետներ ստորագրահավաք են անցկացնում՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանի նպատմամբ հետապնդումները դադարեցնելու պահանջով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ստորագրահավաքի նախաձեռնողներից մեկը՝ լուսանկարիչ Գերման Ավագյանը: Նամակը Բակո Սահակյանին կուղարկվի երկուշաբթի օրը:
«Գոռ Մանուկյանը մեղադրվում է իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու, վարձավճարները յուրացնելու մեջ, ինչը խաթարում է դպրոցի լիարժեք գործունեությունը և, մեր խորին համոզմամբ, չի կարող համապատասխանել իրականությանը: Մեզանից շատերն անձամբ են ճանաչում Գոռ Մանուկյանին, գիտեն նրա նվիրյալ աշխատանքի, բարոյականության և ազնվության մասին: Պարոն նախագահ, արդարության հաղթանակի ակնկալիքով, խնդրում ենք Ձեզ միջամտել Քաշաթաղի իրավապահ մարմինների կողմից Գոռ Մանուկյանի դեմ իրականացվող հալածանքների խնդրին և օգնել, որպեսզի Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի նորմալ, խաղաղ գործունեությունը շարունակվի»,- մասնավորապես, նշում են նամակի հեղինակները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Lragir.am-ը զրուցել էր Գոռ Մանուկյանի հետ, ով համոզմունք էր հայտնել, որ քրեական գործը հետանդում է և փորձ ստիպելու իրեն հեռանալ դպրոցի տնօրենի պաշտոնից, քանի որ 2010 թվականից այդպես է ցանկանում Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, ով նախկինում Քաշաթաղի շրջանի ոստիկանապետն է եղել:
«2010 թվականին Սուրեն Խաչատրյանն ինձ ասաց` դիմում գրի, դուրս արի: Ես հարցրեցի` վա՞տ եմ աշխատում, վատ աշխատո՞ղ եմ, ինչո՞ւ դիմում գրեմ: Ասաց` ես քեզ ասում եմ` դիմում գրի, դուրս արի, թե չէ քո համար ավելի վատ է լինելու: Դրանից հետո խիստ նկատողություն է տվել ինձ` փորձելով դա հեռացման հիմք հանդիսացնել: Սակայն դա չստացվեց, քանի որ հասարակական հնչեղություն ստացավ: Համոզված եմ, որ սա հետապնդում է Սուրեն Խաչատրյանի կողմից, տարբեր տարիների տարբեր մարմիններ ստուգումներ են կատարել դպրոցում, ոչ մի խախտում չեն հայտնաբերել»,- ասել է դպրոցի տնօրենը:
Լուսանկարը՝ Lragir.am